Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմացած եմ Բրյուսովի ռեկտորի հայտարարությունից. Վահրամ Դումանյան

Հոկտեմբեր 13,2022 14:38

Զարմացած եմ Բրյուսովի ռեկտորի այն հայտարարությունից, որ իր համար եղել է անակնկալ բուհերի միավորման հարցը, ավելի շատ լիազոր մարմնի համար է դա եղել անակնկալ, որ այդ հարցը ընդգրկել են օրակարգ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին տարածվեց նորություն, որ նախատեսվում է միավորել Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ: Բրյուսով անվ. համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը հայտարարել էր․«Մենք չենք ցանկանում՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորվի որևիցե այլ համալսարանի հետ որևէ սցենարով»:

«Այդ հարցի հետ կապված վերջին քննարկումը եղել է օգոստոսի 9-ին, անձամբ ես եմ հանդիպել 3 բուհերի ռեկտորների հետ, մինչ այդ ևս եղել են հանդիպումներ, նրանց ասվել է, որ կա նման գաղափար, այդ գաղափարը նոր չէ, այն քննարկվել է տարիներ շարունակ, ես ասել եմ, որ հնարավոր է՝ շուտով այդ գաղափարը մտնի գործնական փուլ։ Բրյուսովի ռեկտորը ինձ ասել է, որ իր պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին և կարգի համաձայն՝ հոկտեմբերին պետք է հայտարարվի մրցույթ, ես էլ պատասխանեցի, որ քանի որ կա միավորման գաղափար, որքանո՞վ է նպատակահարմար այդ պարագայում մրցույթ իրականացնելը»,- ասաց Դումանյանը։

Բուհերի ռեկտորները առաջարկել են եւ իրենց նպատակն է՝ քննարկել այլ կոնցեպտ, ինչին նախարարը դեմ չի եղել։ Վահրամ Դումանյանի խոսքով, իրենք բաց են և որևէ գաղտնի բան չկա և նախարարություն-բուհ հարաբերություններում՝ նախարարության համար անակնկալ է բուհի նման գործելաոճը: Նա հաստատեց, որ կա բուհերի միավորման նախագիծը, որով բովանդակային առումով ոչինչ չի փոխվի, բայց 3 ռեկտորներից արդյունքում կմնա մեկ ռեկտոր: Նա միաժամանակ ընդգծեց, որ շենքերը կմնան իրենց տեղում և այդ առումով, որևէ փոփոխություն չի լինի:

Անդրադառնալով միավորված երեք բուհերի անվան ընտրության հարցին, նախարարը ասաց․«Շրջանառվող նախագծով մենք առաջարկել ենք «Կրթական գիտությունների ինստիտուտ» անվանումը, քննարկելու տեղեր կան, լավագույն տարբերակը կքննարկվի և կընտրվի»։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31