Քիչ առաջ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց առաջարկել՝ «Մշակույթի նոր եվրոպական օրակարգի իրականացում և Միջազգային մշակութային հարաբերությունների ԵՄ ռազմավարությունը» զեկույցի նախագծում լրացնել հոդված, որում, ինչպես «Առավոտ»-ին հայտնեց Դավիթ Շահնազարյանը, ներառվել են խիստ կարևոր հայանպաստ ձևակերպումներ:
Ըստ այս լրացման, որի հեղինակը ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն է, Եվրախորհրդարանը «Դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու՝ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, որը խախտում է միջազգային իրավունքը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերսկսման որոշումը, որն էլ ավելի է վտանգի ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը»:
Այնուհետև, «Կոչ է արվում ԵՄ-ին՝ ակտիվորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և մասնակցելու Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգությունը պաշտպանելու ջանքերին, մասնավորապես, մշակելով մեխանիզմ՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը»:
Դավիթ Շահնազարյանը նաև վստահություն հայտնեց, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ պաշտոնապես որպես լրացում առաջարկված այս հոդվածը կhաստատվի նաև այս զեկույցի գլխադասային՝ Եվրախորհրդարանի Մշակույթի և կրթության հանձնաժողովում, և այնուհետև զեկույցի լրացված նախագիծը կընդգրկվի Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում ու քվեարկությամբ կընդունվի։