Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, որով բյուջեից մոտ 650 միլիոն դրամ կհատկացվի Երևանի մետրոպոլիտենին. 480 մլն դրամ կհատկացնի նոր օդորակիչների գնման, ևս 19.4 մլն դրամ էլ սլաքային փոխադրիչ կոչվող սարքավորումների գնման ու գործողները նորերով փոխարինելու համար։
«Այդ օդորակիչները 1980 թվականին են տեղադրվել ու դրանից հետո չեն փոխվել։ Հաշվի առնելով մետրոյի կարևոր ռազմավարական նշանակությունը` հիմա այդ գործընթացն ենք սկսել, որպեսզի փոխենք բոլոր կայարաններում, ինչն առաջին հերթին անվտանգության նպատակով է արվում։ Բայց նաև այս օդորակիչների տեղադրման նպատակն է խոնավության մակարդակի փոփոխությունը, որը բերում է մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավությամբ միջավայր չի ապահովվում»,– ասաց Սանոսյանը։
Հզոր օդորակիչները կառավարվելու են մեկ կետից, և արտակարգ, վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում, վճռորոշ նշանակություն կունենան ուղևորների տարհանման համար։
Սանոսյանը հայտնեց, որ այդ սարքերը պետք է փոխարինվեն 5 տարին մեկ։ Բայց Երևանի մետրոյում վերջին անգամ փոխվել են 9 տարի առաջ։
Կարդացեք նաև
Բացի այս խոշոր գնումներից, ևս 150 մլն դրամ էլ կհատկացվի մետրոյի համար տարբեր գնումներ կատարելու համար` մալուխներ, վագոնների պահեստամասեր, լուսավորության ցանց և այլն։
ՏԿԵ նախարարը հայտնեց, որ այժմ նախագիծ է մշակվում մետրոպոլիտենի արդիականացման նպատակով շուրջ 1.5 մլրդ դրամի ծրագիր իրականացնելու համար։ Այն ևս, նրա խոսքով, առաջիկայում կներկայացվի հանրության ու կառավարության դատին։
Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս նախագիծը, սակայն շեշտեց, որ իրենց կառավարության ռազմավարական նպատակն է Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումն է, դրա համար պետք է հիմքը ամուր պահեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ