«Բերդաքաղաք Շուշիի մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը». այս թեման էր արծարծվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում բանախոսների կողմից կազմակերպված մամուլի ասուլիում, որ նախաձեռնել էին Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը եւ բուհի Կովկասագիտության կենտրոնը:
Խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով թշնամու կողմից ոչնչացվող եւ յուրացվող մշակութային ժառանգությանը, ցավով արձանագրեց, որ հարազատ օջախներից բռնի տեղահանված մարդիկ չեն հասցրել անգամ իրենց հետ վերցնել ընտանեկան արխիվները, լուսանկարները. «Նրանք իրենց հետ տարել են միայն բանավոր հիշողություններ՝ այդ ամենի վերաբերյալ: Ասել է թե՝ նոր բնակավայրերում նրանք «նոր կյանք են սկսել՝ առանց առարկայական հիշողության, ինչը, բնականաբար, հոգեկան լուրջ ցնցումներ է առաջ բերել՝ առողջության համար ամենավտանգավոր դրսեւորումներով»:
Բանախոսն իր խոսքում պատմամշակութային հուշարձանների, թանգարանային նմուշների կորուստն աղետալի որակեց: Ս. Շահվերդյանը փաստեց, որ Շուշիում է մնացել թանգարանային եւ արվեստի գործերի 13 հավաքածու: Այդ շարքում նա մասնավորապես առանձնացրեց Շուշիի պատմական, կերպարվեստի, Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանները, բերդաքաղաքի պատկերասրահը, միջազգային պուրակը, արվեստի կենտրոնի ցուցասրահը, արցախյան գորգերի եւ դրամագիտության թանգարանները, «Նարեկացի» արվեստի միության ու մի շարք ցուցասրահներ, որտեղ մեծաքանակ գիտական եւ պատմական, ազգային արժեքներ էին պահպանվում: Ս. Շահվերդյանն ափսոսանք հայտնեց, որ հնարավոր չի եղել կործանումից փրկել գիտական նշանակություն ունեցող հավաքածուներ, արվեստի բացառիկ նմուշներ: «Այսօր մեր գործունեության նպատակն է վերստեղծել, վերականգնել այդ հավաքածուների ցանկերը, հստակեցնել դրանց գրանցամատյաններն ու ամբողջ փաստաթղթերը»: Չնայած ԿԳՄՍ նախարարության համապատասխան մասնագետների աջակցությամբ պետական խորհուրդը մեծ դժվարությամբ կարողացել է վերականգնել բերդաքաղաքի որոշ թանգարանային հավաքածուների ցանկերը՝ լուսանկարների, տեսահոլովակների եւ ֆիլմերի շնորհիվ, այնուամենայնիվ, դեռ շատ են անելիքները: Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահը համոզմունք հայտնեց, որ «այդ ցանկերը կարող են հիմք ծառայել ապագա պահանջատիրական գործունեության համար»: Կառույցի պատասխանատուի հավաստմամբ՝ առաջիկայում նախատեսված է նաեւ Հադրութի շրջանի պատմամշակութային կոթողների տվյալների հավաքագրման գործընթաց իրականացնել:
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի համոզմամբ՝ իրականացրածը Թուրքիայի եւ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության անպատժելիության հետեւանք է: Չնայած հիշյալ հանցագործությունների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային այլ կազմակերպություններին հղած պաշտոնական նամակներին առայսօր ոչ մի արձագանք չկա, եւ «Արցախի օկուպացված տարածքներում այսօր էլ յուրացվում ու ոչնչացվում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը, որը համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է կազմում»:
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: