Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք»-ի առաջնորդ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան»-ի ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Թե ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանն իր «գրպանային» ընդդիմության հետ, փորձեցինք պարզել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից:
– Ինչպե՞ս անցավ Փաշինյանի հետ Ձեր հերթական հանդիպումը: Բավականին հաճախ եք սկսել հանդիպել, հո բան չի՞ պատահել:
– Առանձնապես նոր բան չի եղել: Նիկոլ Փաշինյանը մեզ պատմեց իր Պրահայի հանդիպումից, ասեց նաեւ, թե ինչ ա խոսել Մակրոնի հետ, հետո էլ քննարկեց Սանկտ Պետերբուրգում իրա մասնակցությամբ հանդիպումը: Ես ինձ անհանգստացնող հարցեր եմ տվել նրան, հարցեր, որ ինձանից ժողովուրդն ա պահանջում:
– Ի՞նչ հարցեր:
Կարդացեք նաև
– Իրավիճակը սահմանում, մեր տարածքում…. ի՜նչ խաղաղություն` թշնամին մտել ա մեր տարածք ու գործողություններ ա կատարում, շինարարական աշխատանքներ ա անում: Ես սաղ ներկայացրել եմ Փաշինյանին, պատմել եմ՝ ինչ որ պետք ա: Կա պայմանավորվածություն, որ իրենց հանդիպման ներկաների բարձրացրած հարցերի մասին չեմ խոսալու, բայց կարամ ասեմ, թե ինչ եմ ես ասել: Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ արդյունքներ ա ստացել Փաշինյանը Պրահայի հանդիպումից հետո եւ ինչ սպասելիքներ ունի: Խոսացել եմ նաեւ Հայաստանում էս դժվար իրավիճակից, որը շարունակվում ա: Անփորձ երեխաներին, երկու ամսվա ծառայող, 19 տարեկան, տանում են էլի առաջնագիծ, իսկ թշնամին առաջնագիծ տանում ա լրիվ պրոֆեսիոնալ, պատրաստված զինվորականների, իրանց հատուկ ջոկատայիններով, մեր անփորձ երեխեքը հո ոչխար չե՞ն, որ 300 հոգու վարի տվեցին, 300 էր, թե 400: 44-օրյա պատերազմը մեզ օրինակ չդարձավ, չհասկացանք…. 3-4 օրվա կորուստներն էլ օրինակ չդարձավ, աչքներս պիտի փակենք, կարո՞ղ ա էդ երեխեքին փողոցից ենք գտել: Իմ տղան նույնպես առաջնագիծ ա, ես խոսում եմ բոլոր ծնողների մասին:
– Մնացյալ կուսակցություններն ի՞նչ հարցեր ուղղեցին:
– Դու ի՞նչ կուսակցություն ես ընդեղ տենում, ասա տենամ: Տիգրան Խզմալյանից ու Լեւոն Շիրինյանից հարցրեք: Նրանք ձգտում են ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց ՀԱՊԿ-ից դուրս գալու համար ճանապարհ ա պետք անցնել: Հասկացանք, որ ՀԱՊԿ-ն չի գործում ոնց որ պետք ա, պայմանագիր կա, էս կա, էն կա: Ես դիմել եմ ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ից ասել են՝ ռազմական դրություն չեք հայտարարել, ձեզ ո՞նց պաշտպանենք: Թողնում եք՝ թուրքը մտնում ա ձեր սահման, դուք ձեզ պաշտպանեք, որ մենք էլ կողքից մի բան անենք:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: