Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավոր ատեստավորում անցած զինվորականը կստանա աշխատավարձի կրկնապատկում. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 13,2022 11:25

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթին:

«Հուսով ենք՝ օրենքը շուտ կմտնի ուժի մեջ և հույս ունենք՝ կսկսվի կամավոր ատեստավորման գործընթացը, այսինքն` զինվորականը ատեստավորում անցնելուց հետո կստանա աշխատավարձի կրկնապատկում, երբեմն էլ նույնիսկ ավելին»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս նախագիծն, ըստ էության, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է։։

Նրա խոսքով՝ սա պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու բաղադրիչներից մեկն է։

Ներկայացնելով փաթեթը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ սրանով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար սահմանել հավելավճար և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով:

«Ատեստավորման արդյունքում հավելավճար ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան 2 անգամ: Այդ դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ստանալու օրվանից:

Բացի այդ, զբաղեցրած պաշտոնում արդեն իսկ հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար»,-ասաց պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ նախագծերի փաթեթի ընդունում համարվում է անհետաձգելի:

Նիկոլ Փաշինյանն այս գործընթացը նմանեցրեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին: «Ատեստավորում անցնելու դեպքում պայմանագրային զինծառայողը կստանա աշխատավարձի կրկնապատկում եւ գուցե ավելին: Այս պրոցեսը կլինի շարունակական»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31