«Վստահ ենք՝ ժողովրդավարական երկիրը, որը հարգում է օրենքի գերակայության սկզբունքները, ապահովում մարդու հիմնարար ազատությունների ազատ կիրառումը, կարող է նույնիսկ ավելի դրական դեր խաղալ տարածաշրջանում»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում «Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը» զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց համազեկուցող Ջոն Հովելը՝ անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը Հարավային Կովկասում։
Միևնույն ժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան չի կատարում ՄԻԵԴ պահանջները՝ մասնավորապես երկու գործերով՝ կալանավորված թուրք հասարակական գործիչ Օսման Քավալայի և Թուրքիայի երկրորդ ընդդիմադիր ուժի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի։ Համազեկուցողն ասաց․ «Մենք նաև մեր մտահոգությունն ենք հայտնել Թուրքիայի բանտերում տիրող իրավիճակի, կալանավայրերում ենթադրյալ վատ վերաբերմունքի և բանտերում մահացող հիվանդ բանտարկյալների ճակատագրի վերաբերյալ։ Սա այն ոլորտն է, որտեղ Թուրքիայի իշխանությունները, կարծում ենք, պետք է և կարող էին ավելին անել»։
ԵԽԽՎ պատվիրակների ելույթների մեծամասնությունը քննադատական էր։ Նրանք բարձրաձայնում էին Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչների հետապնդումների, արդարադատության համակարգի անկախության հետ կապված խնդիրների մասին։
Կարդացեք նաև
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, խոսելով Թուրքիայի մտադրությունների մասին, Վեհաժողովին վստահեցրեց․ «Թուրքիան շարունակում է կեղծավոր կերպով հայտարարել Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու իր պատրաստակամության մասին: Այո՛, Հայաստանը ցանկանում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց առանց նախապայմանների, և դա չպետք է կախված լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից»։
Ըստ նրա՝ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ տանդեմով նոր առճակատումներ է հրահրում հանուն իր եսասիրական նպատակի։
Նա, անդրադառնալով «Շուշիի հռչակագրին» ասաց․ «Թուրքիան և Ադրբեջանը, ելնելով իրենց էթնիկական պատկանելությունից, հռչակել են մեկ ժողովրդի սկզբունքը երկու պետություններում և վերջերս ստորագրել հակահայկական հռչակագիրը Արցախի վերջին պատերազմից հետո ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շուշի քաղաքում։ Այս հռչակագիրը, որը վիճարկում է համընդհանուր միջազգային նորմերը, ամբողջությամբ արտացոլում է ստորագրող կողմերի ագրեսիվ մտադրությունը և հստակ սահմանում աշխարհաքաղաքական նպատակները՝ ուղղված մեծ Թուրանի ձևավորմանը»։
Թուրքիայի հասցեին քննադատությունները՝ հատկապես ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամների դիտարկումները, «ծանր տարավ» ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը։ Նա հայտարարեց․ «Հայաստանից իմ գործընկերներն ու ընկերները կրկին ասացին, որ այնքան էլ գոհ չեն Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներից։ Սա ասում է մի երկիր, որը 20 տարի գրավել է իմ հողը։ Ասում է այն երկիրը, որը դեռևս ականներ է տեղակայում իմ տարածքում։ Բայց ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին։ Գիտեմ, որ հաջորդ զեկուցողը` պարոն Վլադիմիր Վարդանյանը նորից կխոսի»։
Սակայն, երբ Վլադիմիր Վարդանյանի ելույթի հերթը հասավ, այդ ժամանակ նա ԵԽԽՎ նիստերի դահլիճում չէր։ Ինչը նիստի ավարտից հետո շահարկվեց Սամադ Սեիդովի կողմից։
Ավելի ուշ Վլադիմիր Վարդանյանը Ա1+-ի հետ զրույցում պարզաբանեց, որ չի պատրաստվում առաջնորդվել պարոն Սեիդովի ցանկություններով և տեղեկացրեց, որ այդ ժամանակ կարևոր հանդիպումներ ուներ՝ կապված գերեվարված անձանց նկատմամբ իրականացվող վատ վերաբերմունքի հարցերով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ