Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է դառնալ ոչ թե Փաշինյանի իշխանության վերջը, այլ ճիշտ հակառակը՝ այդ իշխանության երկարաձգման գրավականը. «168 ժամ»

Հոկտեմբեր 13,2022 10:50

Կա տարածված կարծիք, որ իրականում Նիկոլ Փաշինյանը ձևացնում է, թե ցանկանում է օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ գիտի՝ դա անելուց հետո իր իշխանությամբ շահագրգիռ բոլոր արտաքին ուժերի համար գործն ավարտված կհամարվի և կհեռացվի իշխանությունից՝ պաշտոնից։ Նշված մոտեցման հիմքում, իհարկե, կա տրամաբանություն, բայց այս կարծիքը չի պատասխանում գլխավոր հարցին՝ որքա՞ն է արտաքին կենտրոններին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Թուրքիային մոլորեցնելու Նիկոլ Փաշինյանի ռեսուրսը, արդյոք նա կարո՞ղ է անվերջ խաղալ բոլորի հետ։ Պատասխանը, իհարկե, բացասական է, քանի որ նրա ոչ դիվանագիտական, ոչ քաղաքական կշիռը նման բան ուղղակի թույլ չի տալիս։

Բայց գոյության իրավունք ունի նաև երկրորդ կարծիքը, որն էլ, հնարավոր է՝ ընկած է Նիկոլ Փաշինյանի դրդապատճառների հիմքում։ Եթե նա ստորագրի արդեն նաև Հայաստանի կապիտուլյացիան իրավական շատ ավելի բարձր կարգավիճակով ամրագրող խաղաղության այդ պայմանագիրը, ապա դրա շահառուների համար Փաշինյանի պիտանելիության գործակիցն ու ժամկետը կարող է ոչ միայն չզրոյանալ, այլ հակառակը՝ բազմապատկվել։

Ենթադրյալ խաղաղության պայմանագիրը կարող է արմատապես փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, կոմունիկացիոն քարտեզը՝ սկսած Ռուաստանի ու Արևմուտքի համար տարբեր նշանակություններ ունեցող ճանապարհների գործարկումից՝ մինչև ռեգիոնում ռազմական ներկայություն ունեցող երկրների փոփոխություն, և այդպես շարունակ։ Ահա այդպիսի հիմնարար փոփոխություններ ենթադրող փաստաթուղթը Հայաստանի համար ունենալու է ողբերգական, ընդհուպ՝ գոյաբանական նշանակություն, և Նիկոլ Փաշինյանին հաջորդող ցանկացած իշխանություն փորձելու է գոնե ինչ-որ չափով չեղարկել դրա ազդեցությունը։

Ահա այդ տեսանկյունից խաղաղության պայմանագրի կնքման բոլոր շահառուներին՝ Արևմուտքից մինչև Թուրքիա, Ռուսաստանից մինչև Ադրբեջան, գուցե բացառությամբ Իրանի, անհրաժեշտ է, որպեսզի այդ փաստաթղթի իմպլեմենտացիան ընթանա հնարավորինս անցնցում, պետք է մեկը, որը կերաշխավորի դրանով նախատեսված առնվազն հիմնարար, ենթակառուցվածքային փոփոխությունների (ճանապարհներ/միջանցքներ, երրորդ երկրների ռազմական ներկայություն, և այլն)  իրականացումն այնքանով, որ դրանք կանցնեն անշրջելիության կետը։

Նիկոլ Փաշինյանից ավելի հարմար թեկնածու իր իսկ ստորագրածի իրականացման համար աշխարհաքաղաքական կենտրոնները հազիվ թե կարողանան գտնել, ինչը նշանակում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո նրանք ամեն ինչ կանեն՝ նրան հնարավորինս երկար իշխանության պահելու համար։ Ահա այս տեսանկյունից խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է դառնալ ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը, ինչպես կանխատեսում են շատերը, այլ ճիշտ հակառակը՝ այդ իշխանության երկարաձգման գրավականը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31