Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահագն Հովակիմյան․ «Ես անկեղծ եմ հիմա ասում՝ պարոն Մուկուչյանը պրոֆեսիոնալ է, նա Հայաստանում վարչական իրավունքի լավագույն մասնագետներից է»․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 13,2022 10:26

Երեկ ՔՊ-ական պատգամավորից ԿԸՀ նախագահ դարձած Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կայացավ ԿԸՀ անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվեցին ԿԸՀ նոր փոխնախագահ եւ քարտուղար։ Փոխնախագահ դարձավ նախկինների կադր Նունե Հովհաննիսյանը, քարտուղար` նորից ԿԸՀ նախկին անդամ Արմեն Սմբատյանը: Վերջինս չթաքցրեց իր նեղվածությունը մեր հոդվածներից, որտեղ գրել էինք, որ նախկինում ՀՀԿ-ին են ծառայել, հիմա էլ ՔՊ-ին կծառայեն, եւ ընդգծեց․ «Մեզ վրա կա մեծ բեռ՝ ապացուցելու, որ ԿԸՀ-ն ծառայում է ոչ թե իշխանությանը, այլ՝ ժողովրդին»։ Նիստից հետո մի քանի հարց ուղղեցինք նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանին, ով զբաղեցրեց իրենց կողմից այդքան քննադատված «թվանկարիչ» Տիգրան Մուկուչյանի կաբինետը։

– Դուք Տիգրան Մուկուչյանի՝ անցած տարիների գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում։

– Ես անկեղծ եմ հիմա ասում՝ պարոն Մուկուչյանը պրոֆեսիոնալ է, նա Հայաստանում վարչական իրավունքի լավագույն մասնագետներից է, նաեւ մեր նախկին աշխատանքային շփումները, որ ունեցել ենք, եղել են փոխադարձ հարգանքով ու մասնագիտական հարթության մեջ։

– Լավ, խնդրում եմ ասեք` ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների վրա ազդելու հնարավորություն ունի՞։

– Ես ասեմ, որ ԿԸՀ-ն առնվազն, եթե օրենսդրության փոփոխություններով նայենք, բավականին շատ երկար ժամանակ է՝ չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։

– Որքա՞ն ժամանակ է։

– Կարող եմ ասել՝ 2003 թվականից այս կողմ ԿԸՀ-ն արդյունքների վրա չի կարող ազդել։ Բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրսում տեղի ունեցող գործընթացների վրա՝ իրավական գնահատական տալու տեսանկյունից, էդտեղ ինքն ունի լիազորություններ։ Այսինքն՝ որեւէ մեկը, ասենք, քարոզչություն է խախտել․․․

– Դրանք կարող են էական ազդեցություն չունենալ, ես նկատի ունեմ՝ վերջնական թիվը, որ գալիս է ԿԸՀ, կարո՞ղ է ԿԸՀ նախագահը թվային մանիպուլյացիայի դիմել։

– Ոչ։

– Այսինքն՝ առնվազն 2003 թվականից հետո բոլոր ընտրություններն էլ բաց ու թափանցիկ են անցել։

– Չէ, դա եմ ասում, որ տեղամասերում տեղի ունեցող գործընթացները, քարոզչության ընթացքում տեղի ունեցող գործընթացները, դա համապետական ընտրությունների մասին եմ ասում, որովհետեւ ՏԻՄ-երում ԿԸՀ-ն, կարելի է ասել, վերահսկողի դերակատարություն ունի, բայց անմիջականորեն չի միջամտում, այստեղ ԿԸՀ-ն ընդամենը իրավական գնահատական տալու լիազորություն ունի, որը, ասում եմ, երբ որ, օրինակ, շատ են խախտումները, ինքը պիտի էդտեղից հետեւություն անի։

– Այսինքն՝ պարոն Մուկուչյանը բաց եւ թափանցի՞կ է աշխատել այս տարիներին, օրենքի խախտում թույլ չի՞ տվել։

– Օրենքի խախտում՝ ոչ։ Բայց որ, ասենք, դրսում եղել է օրենքի խախտում, եւ ես կարող էի իր իրավական գնահատականի հետ համաձայն չլինել, դա փաստ է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31