Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց որևէ լծակ կա՞, որ հակառակորդը դուրս է գալու մեր տարածքից․ «Փաստ»

Հոկտեմբեր 13,2022 09:30

Սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացրեց Հայաստանի նկատմամբ, ու ադրբեջանական զորքերը խորացան Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի տարածքներում՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Հիմա էլ ՀՀ իշխանությունները նոր գործելակերպ են որդեգրել. մի կողմից՝ հայտարարում են, թե պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ՝ պահանջում են, որ Ադրբեջանը դուրս հանի իր զորքերը ՀՀ տարածքից։

Բայց որևէ լծակ կա՞, որ հակառակորդը դուրս է գալու մեր տարածքից, միանշանակ չկա։ Բաքուն անտեսում է անգամ միջազգային տարբեր շրջանակների կողմից Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու կոչերը։ Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողություն չկա։

Իսկ նրանք, ովքեր հույսեր են կապում ԵՄ հատուկ առաքելության հետ, որն ուղարկվելու է Հայաստան, ապա նրանց հուսախաբություն է սպասում։ Մոտ երկու ամիս տևող այդ առաքելությունը ձևական նշանակություն է ունենալու, քանի որ ընդունակ չէ որևէ կերպ ճնշում գործադրել Բաքվի վրա ու կանխել ադրբեջանական ագրեսիայի հետագա ծավալումը։

Բայց այսքանով հանդերձ Հայաստանը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ, և դրա ֆոնին մեր իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե խաղաղության ճանապարհով են գնում՝ նպատակ ունենալով փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ այն համատեքստում, թե՝ մի քիչ էլ համբերեք, խաղաղության պայմանագիրը կկնքվի ու խաղաղության դարաշրջանը կբացվի։

Իսկ խաղաղության դարաշրջան բացելու խոսակցություններով էլ տևական ժամանակ կանցնի, ու մարդիկ կրկին կհամակերպվեն առկա վիճակի հետ, իսկ մեկ տարի հետո Ադրբեջանն արդեն նոր ագրեսիա կնախաձեռնի Հայաստանի նկատմամբ և նոր պահանջներ կդնի հայկական կողմի առաջ։ Չէ՞ որ մենք դրա փորձը տեսնում ենք փաստերի հիման վրա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31