Անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական ռեժիմ է այս կամ այն երկրում, նույնիսկ՝ անկախ այդ երկրում կոռուպցիայի մակարդակից, կան որոշակի չափանիշներ, որոնցով կարելի է որոշել, թե որքանով արդյունավետ են աշխատում տվյալ պետության մեխանիզմները: Օրինակ՝ որքանով է օրինական պետության բռնության իրավունքը բացառիկ: Ակնհայտ է, որ ցանկացած երկրում պետք է լինի մեկ պետական բանակ: Եթե այդ սկզբունքը խախտվում է, պարզ է դառնում, որ պետությունը խնդիր ունի: Այդպիսի օրինակ է Ռուսաստանը, որտեղ բացի պետական բանակից, կա «Վագների բանակ», «դատապարտյալների բանակ», «չեչենական բանակ» եւ այլն:
Որքան էլ պետական բանակը չկարողանա կատարել իր խնդիրները՝ նման իրավիճակ չի կարելի թույլ տալ. ինքնավար զինված խմբերի առկայությունը շատ տագնապալի ազդանշան է: Գրում եմ դա առանց չարախնդության: Ռուսաստան պետության քայքայումը մի գործընթաց է, որը մեզ ամենեւին ձեռնտու չէ:
Դառնանք Հայաստանին, որտեղ պետության կոլապսի դրսեւորումներն են ոչ այնքան մեզ հասած արհավիրքները, որքան հասարակության մեծ մասի վերաբերմունքը դրա նկատմամբ: Վերջին շրջանում առաջին լուրջ հարվածը մեր պետությունը ստացավ 2016 թվականին, երբ, այսպես կոչված «Սասնա ծռերը» գրավեցին ոստիկանական գունդը: Խնդիրը ոչ թե մարգինալ զինված խմբի հանցագործությունն է, այլ՝ քաղաքացիների մեծ մասի կողմից դրա քաջալերումը: Նման ձեւով հասարակությունն իրականում իր վերաբերմունքն է արտահայտում ոչ թե ատելի իշխանության, այլ պետական ինստիտուտների հանդեպ:
Նույնը կարելի է ասել այն դեպքի մասին, երբ գործադիր իշխանության ղեկավարն իրեն երկրպագող զանգվածին ուղարկում է դատական իշխանության կառույցները շրջափակելու: Դարձյալ կարեւոր չէ, թե ինչ անհեթեթ գաղափար է ծնվել մեկ մարդու գլխում: Կարեւոր է, որ պետական ինստիտուտների ապամոնտաժման գաղափարը ստանում է զանգվածների աջակցությունը:
Կարդացեք նաև
Պատերազմում պարտությունը եւ հայաստանցիների մեծ մասի՝ այդ աղետի հանդեպ անտարբեր վերաբերմունքը նույն շղթայի օղակներն են:
Պատկերացրեք՝ պետական կրթությունը քայքայելու ծրագրերը դարձյալ նույն շարքից են: Անկախ նրանից, թե ինչ բիզնես բաղադրիչ են այդ ծրագրերը պարունակում: Եղած (իհարկե՝ ոչ կատարյալ) կառույցները քայքայելը առանց չափազանցության կարելի է անվանել պետականությանն ուղղված եւս մի հարված:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ