Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ նրանք Ազատի ձեռքերը ոլորել եւ պառկեցրել են գետնին, այդ ժամանակ են հայտարարել, որ ոստիկանության աշխատակիցներ են»

Հոկտեմբեր 13,2022 14:30

Հայաստանյան դատարաններում ավելի ծանր քրեական գործեր են քննվում, ավելի շատ է գրավ կիրառվում, սակայն նկատելի է, որ մեկ միլիոնանոց գրավներով մարդ չեն ազատում, իսկ ահա մեկ միլիարդին հասնող դրամով ավելի ծանր հանցագործության մեջ մեղադրվողների են ազատում: Իրավաչա՞փ է, արդյոք, կալանք ընտրել այսօրինակ գործերով, որը կներկայացնեմ ստորեւ:

Վերաքննիչ քրեական դատարանում է Ազատ Բաղդասարյանի բողոքը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների համար՝ ծանր եւ միջին ծանրության: Մի դեպքում գողության փորձի, մյուս դեպքում՝ ոստիկանության աշխատակցի դեմ՝ կապված նրա ծառայողական պարտականության կատարման հետ, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել էր. «Թեեւ միայն կատարված ենթադրյալ հանցագործության ծանրության աստիճանը չի կարող դրվել կալանավորման հիմքում, այնուամենայնիվ, դատարանը հաշվի է առնում, որ սպասվող պատժի խստությունը էական նշանակություն ունի ազատության մեջ գտնվող մեղադրյալի դրսեւորվող վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, դատարանն այդ հանգամանքը գնահատում է գործում առկա մնացած, մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում մատնանշված հանգամանքների համատեքստում: Ուստի, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածներով` գտնում է, որ մեղադրյալ Ազատ Բաղդասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը հիմնավոր է եւ ենթակա չէ փոփոխման»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2021 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 00:00-ից մինչեւ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, ցանկապատի վրայով անցնելով եւ մտնելով տուժող Ռ.Հ.-ին պատկանող Դիլիջանի Շահումյան փողոցի տներից մեկի բակ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է տան մուտքի դուռը եւ ապօրինի մուտք գործել ներս: Այդ ժամանակ, ահազանգով, նշված հասցե են ժամանել ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալը, ավագ օպերլիազորը եւ ՊՊԳՎ Դիլիջանի պահպանության բաժանմունքի ոստիկան Ա. Նեմերիչը, ովքեր հիշյալ տանը տեսնելով Ազատ Բաղդասարյանին` հայտնել են նրան «իրենց ոստիկանության աշխատակից լինելու, փախուստի փորձ չկատարելու օրինական պահանջի մասին»: Ազատը, երբ դիմել է փախուստի, բռնվել է Նեմերիչի կողմից, սակայն «ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դիտավորությամբ» հարվածել է նրա կրծքավանդակին, ինչի արդյունքում Նեմերիչը դիպչելով տան պատուհանի ապակուն` ապակու կոտրվելու հետեւանքով ստացել է ձախ նախաբազկի քերծված-պատռված վերքեր, իսկ Ազատը բռնվել է ոստիկանների կողմից եւ բերման ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Տուժողը հայտնել էր, որ իրեն պատճառվել է քսանհինգ հազար դրամի վնաս, այն էլ՝ ապակիների կոտրվելու արդյունքում, ըստ էության, եկել է ոստիկանների կանչով Դիլիջան, տեսել է տան հնամաշ իրերը տեղում:

Այս գործով «դեպքի վայր» ժամանած ոստիկաններն են միայն ցուցմունք տվել, որոնք դրվել են քրեական գործի նյութերի հիմքում:

Պաշտպան Ա. Մանթաշյանը դիմելով դատարանին՝ հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք չի բերվել գոնե մեկ ապացույց, որով կհիմնավորվեր, որ Ազատը խոչընդոտել է կամ կխոչընդոտի գործի քննությանը կամ կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, իսկ կոնկրետ դեպքում դատաքննության ներկայանալուց: Այս գործով հետաքրքիր հանգամանք է վկայակոչել պաշտպանը. ոստիկանները եղել են քաղաքացիական համազգեստով եւ Ազատը չի իմացել, որ նրանք ոստիկանության աշխատակիցներ են. «Երբ նրանք Ազատի ձեռքերը ոլորել եւ պառկեցրել են գետնին, այդ ժամանակ են հայտարարել, որ ոստիկանության աշխատակիցներ են»: Մեկ այլ հանգամանքի մասին էլ է ուշադրություն հրավիրել պաշտպանական կողմը. վկայի ցուցմունքի այն հատվածի վրա, երբ վերջինս դատարանում հայտնել է. «լուսնկա գիշեր էր եւ բավականին լուսավոր էր ու կարելի էր մարդուն ճանաչել»: Մինչդեռ նախաքննության ընթացքում ցուցմունքով հայտնել է. «Մթության պատճառով իր կանգնած տեղից հնարավոր չէր տեսնել մարդու դեմքը»:

Պաշտպանը խնդրել էր հաշվի առնել, որ նա ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրականորեն՝ փոփոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ընտրել այլ խափանման միջոց, թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ գրավի չափ սահմանելով մեկ միլիոն ՀՀ դրամը:

Պաշտպաններից Մ. Թամազյանն էլ դիմելով դատարանին՝ հայտնել է, որ Ազատ Բաղդասարյանը գտնվել է նշված տան բակում, ինչը, սակայն, չի նշանակում, որ նա կատարել է իրեն վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված արարքը: Այսինքն, ըստ պաշտպանական կողմի, բացակայում են նաեւ կալանավորման հիմքերը. այդ մասով գործում չկա որեւէ հիմնավորում:

Մեղադրյալը հայտնել է, որ ինքը գողություն չի կատարել: Վերաքննիչ բողոքն ընդունվել էր վարույթ, մեղադրյալը խնդրում է մասնակիորեն՝ պատժի կրման նպատակահարմարության մասով բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Ազատ Բաղդասարյանի՝ վերջնական պատիժ՝ ազատազրկում՝ 4 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման դատավճիռը, որով սահմանելով փորձաշրջան 4 տարի ժամկետով, ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ճանաչել անթույլլատրելի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31