Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրիպտոն օգնում է բռնել հանցագործներին». Տիգրան Ղամբարյան

Հոկտեմբեր 13,2022 13:30

Binance-ի հետախուզության եւ հետաքննության գլոբալ ղեկավարը «փակագծեր» է բացում

Վերջերս Binance միջազգային կրիպտոարժույթի փոխանակման հարթակի ներկայացուցիչները թրեյնինգ էին կազմակերպել ՀՀ Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Ֆինանսական մոնիտորինգի ծառայությունների համար՝ կրիպտոյում ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի գիտելիքների եւ գործիքների ներկայացման նպատակով: «Առավոտը» զրուցել է թրեյնինգի խոսնակներից մեկի՝ Binance-ի հետախուզության եւ հետաքննության գլոբալ ղեկավար Տիգրան Ղամբարյանի հետ։ Տիգրան Ղամբարյանի ղեկավարած Binance-ի Գլոբալ հետախուզության եւ հետաքննության բաժինը ստեղծվել է էկոհամակարգն անվտանգ պահելու եւ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հետաքննություններ իրականացնելու համար։ Պարզեցինք, որ Տիգրան Ղամբարյանը սերտորեն համագործակցում է աշխարհի իրավապահների եւ կարգավորողների հետ՝ պայքարելու անօրինական գործողությունների դեմ: Մինչ Binance-ին միանալը նա հատուկ գործակալ էր ԱՄՆ-ի Ներքին եկամուտների ծառայության (IRS-CI) Կիբեռհանցագործությունների հետաքննության բաժնում Վաշինգտոնում, որտեղ ղեկավարում էր մի քանի միլիարդ դոլար արժողությամբ կիբեռ հետաքննությունները: Նա նաեւ հայտնի փորձագետ է խարդախության հետաքննության, ազգային անվտանգության, ահաբեկչության ֆինանսավորման, մանկական պոռնոգրաֆիայի, ինքնության գողության եւ բանկային գաղտնիքի խախտումների ոլորտում:

«Առավոտի» հետ զրույցում Տիգրան Ղամբարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում իրականացված դասընթացը վերջինն է իր տեսակի մեջ՝ Binance-ի առաջին գլոբալ Իրավապահ ուսուցման ծրագրում (Law Enforcement Training Program), որը Կիբեռ եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում տեղական եւ միջազգային իշխանությունների հետ ընկերության համագործակցության արդյունք է։

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ֆինանսական խարդախություններին եւ կիբեռ-հանցագործություններին։ Նա մասնավորապես անդրադարձավ այն գործիքներին, որոնց միջոցով կարող են պայքարել անօրինականությունների դեմ՝ կրիպտոարդյունաբերության զարգացման համատեքստում։

«Մենք վերջերս մեկնարկեցինք գլոբալ վերապատրաստման նախաձեռնություն՝ ընդլայնելու համար մեր հարաբերությունները ու տեսնելու, թե դա ինչպես կարող է օգնել տարբեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Բաց երկխոսության միջոցով ուզում ենք հասկանալ, թե ինչպես է կրիպտոն ընկալվում այստեղ, նաեւ ցանկություն ունենք վերացնել այն կարծրատիպերը, որ մարդիկ ունեն կրիպտոարժույթի մասին»,- նշեց նա «Առավոտի» հետ զրույցում։ Հավելեց, որ նման թրեյնինգներ են իրականացրել նաեւ Եվրոպայում եւ Ասիայում։ «Մենք ոլորտում ամենալավ հետաքննողներն ունենք։ Մենք աջակցում ենք ոլորտի կայացմանը, եւ ընդհանրապես օժանդակելու եւ սովորեցնելու առաքելություն ունենք…
Կրիպտոարժույթը թվային արժույթի տեսակ է։ Վերջինիս դեպքում մենք տեսնում ենք բոլոր գործարքները, ամեն ինչ պարզ է ու թափանցիկ։

Մենք ունենք հատուկ գործիքներ, որոնք օգնում են հասկանալ՝ արդյոք ամեն ինչ օրինակա՞ն է արվում, թե ոչ։ Օրինակ, դիցուք, ես հանցագործ եմ, տալիս եմ ինչ-որ մեկին 10 միլիոն դոլար։ Ինչպե՞ս է ոստիկանությունը գտնելու այդ գումարը, ինչպե՞ս է պարզելու աղբյուրը։ Կանխիկի դեպքում վերահսկելը շատ դժվար է։ Իսկ կրիպտոյի դեպքում՝ պարզ ու թափանցիկ։ Օրինակ բերեմ, որ կարողացել ենք կանխել մանկական պոռնոգրաֆիայի տարածումը եւ փրկել 25 երեխաների, բռնել ենք լիքը մարդկանց, որոնք զբաղվել են այդ գործով։ Եթե նրանք չօգտագործեին բիթքոյնը, այդ ամենը դժվար հայտնաբերելի կլիներ։ Փաստորեն, կրիպտոն օգնում է ոստիկանությանը բռնել հանցագործներին։ Տնտեսության մեջ հանցագործությունների մեծ մասը բանկերի, կանխիկ գումարների միջոցով է արվում։ Կրիպտոյի շատ փոքր տոկոսն է կիրառվում նման գործարքների համար։ Կրիպտոյի պարագայում դու կարող ես տեսնել թվերը, ամեն ինչ պարզ է ու թափանցիկ, հատկապես լրագրողական հետաքննությունների համար դա հիանալի գործիք է»,-ասում է Տիգրան Ղամբարյանը։

Խնդրեցինք մի փոքր ներկայացնել իրեն։ «1984 թվականին եմ ծնվել, 1993-ին մեր ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա, այնուհետեւ 1997թ.՝ ԱՄՆ։ Իմ հայրը Հայաստանում ֆինանսների փոխնախարար է եղել՝ Սերգեյ Բաղդասարյանը։ Նա մեծ ներդրում ունի ատոմակայանը բացելու գործում։ ԱՄՆ-ում դպրոց ավարտեցի, այնուհետեւ ակադեմիա գնացի, հատուկ գործակալ դարձա, դրանից հետո 10 տարի հատուկ գործակալ էի՝ կազմակերպված հանցագործությունների, թմրանյութերի թրաֆիքինգի եւ այլ ոլորտներով»,-ասաց մեր զրուցակիցը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
12.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31