Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու մեջ հանդիսապետությամբ բարեջան առաջնորդ Գրշ. Տ. Նարեկ եպս. Բերբերյանի տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված Հայաստանի եւ Արցախի հանրապետություններին, ինչպես նաեւ տեղի բրազիլահայ համայնքին եւ աշխարհասփյուռ հայությանը։
Հայկական սփյուռքի կարեւորագույն կենտրոններից է դարձել բրազիլահայ համայնքը, տեղի հայկական եկեղեցին եւ նրա հոգեւորականներն առ այսօր պատվով են պահպանում հայ լեզուն, հայ կրոնը եւ հայկական մշակույթը…տարբեր թեմաներով անդրադարձել ենք Բրազիլիայի Հայոց թեմում կատարված այն մեծ աշխատանքներին, որոնք ի կատար է ածվում թեմակալ առաջնորդ Նարեկ սրբազանի գլխավորությամբ։ Հենց սրբազանի անմիջական ղեկավարությամբ էլ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել՝ ի բարօրություն հայ ժողովրդին եւ հայկական բանակին։
Սուրբ Գեւորգ եկեղեցու հարկից ներս հավաքված հավատացյալները ունկնդրել են կազմակերպված գեղեցիկ միջոցառումը, որտեղ Հայ Ազգային Դուրյան Վարժարանի սաներից կազմված թեմապատկան «Երիտասարդաց ձայն» երգչախումբը՝ խմբավարությամբ Նարեկ սրբազանի, հանդես է եկել մի շարք մշակութային համարներով, կատարել են համարներ Կոմիտասից։ Աշակերտները խորը քննությամբ բացատրել են, թե այսօր իրենց կյանքում ինչպիսի կարեւորություն ունի հայոց լեզուն, ինչպիսի անփոխարինելի օջախ է դարձել հայկական եկեղեցին իրենց համար։ Ընթերցվել են նաեւ ազգային-հայրենասիրական ստեղծագործություններից հատվածներ, երգչախումբը հանդես է եկել մի շարք հոգեւոր շարականներով՝ նվիրելով արցախյան պատերազմների ժամանակ նահատակված տղաների հոգիների խաղաղության համար, հնչել են նաեւ ոգեկոչման ազգային երգեր՝ նվիրված մեր կենդանի հերոսներին։
Կարդացեք նաև
«Սիրելի՛ հավատացյալներ, այսօրվա տեղի ունեցած այս գեղեցիկ միջոցառման գերագույն նպատակը եւ իմաստը մեկն էր, ձեզ ցույց տալ, որ մենք ամուր ենք, մեր լեզուն, աղոթքը եւ երգը զորավոր է, եւ որքան էլ, որ փորձեն հային արմատախիլ անել այս աշխարհից, ի վերջո պետք է հասկանան, որ անկարող են…մենք եղել ենք, կանք ու հավիտյանս լինելու ենք։ Այս օրերին նայելով, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, մեր հոգում լցվում է զարմանքի խորը զգացողություն, ամբողջ աշխարհն այսօր կանգնած է մեր երկրում տեղի ունեցող պատերազմի կողքին, բոլորը դատապարտում են այս պատերազմը. լրատվական դաշտից եւ քաղաքական բոլոր ամբիոններից սկսած մարդիկ բարձրացնում են հարցեր, առաջ ենք քաշում ռազմական հանցագործությունների բազում վկայություններ, որոնք, ցավոք, երբեք լուրջ իմաստով չբարձրացվեցին արցախյան բոլոր պատերազմների ժամանակ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ է աշխարհը այսքան երկերեսանի, ինչու պետք է մի քանի հայ զինվորների գերի վերցնելով անմարդկային տանջանքների ենթարկեն։ Ո՞ւր է աշխարհ քո արդարությունը, ո՞ւր են մնացել այն բարձր արժեքները, որոնցով այսօր շարունակում ես ժողովուրդներին դաստիարակել։
Չի՛ լինելու մեր երազած խաղաղությունը, վերջին դեպքերը ապացույցը եղան, որ մենք թուրք ժողովուրդի հետ երբե՛ք չենք կարող բարեկամ լինել եւ սա հայտարարում եմ այս տաճարում, մեր պայքարը շարունակվում է, մեր հերոս տղաների սուրբ արյան վրայով ոչ ոք չի՛ կարող քայլել։ Մեր լուսահոգի տղաները չունեն ոչինչի կարիք, աղոթքի կարիք էլ չունեն, որովհետեւ նրանք Աստծո գրկում են, լավ ու ապահով ու արդար մի վայրում, պարզապես նրանք ունեն մի բանի կարիք՝ պատիվը վերականգնելու անհրաժեշտություն ունեն. նրանք պատվով են նահատակվել՝ փորձելով վեր պահել մեր պատիվը։ Այս միջոցառումը կրոնական եւ հայրենասիրական պայքարի ոգին բարձրացնելու համար էր, պայքար, որ առ այսօր շարունակվում է եւ շարունակվելու է, շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ հայի մեջ չվերականգնվեն իրարու հանդեպ հարգանքը, սերը եւ նվիրվածությունը։ Այս հատկանիշները պատերազմելու եւ հաղթանակելու կարեւորագույն ցուցիչներն են»,-հնչեց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցում՝ Սրբազան հոր քարոզի ժամանակ։
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
12.10.2022