Հարցազրույց արձակագիր Նարեկ Թոփուզյանի հետ
– Վերջերս հրատարակվեց ձեր «Երբ երազն անհետացավ» պատմվածքների ժողովածուն եւ արդեն քննարկման նյութ է դարձել։ Վերջինիս պատճառը գուցե մեր օրերին համահունչ վերնագի՞րն է, որը ձգում է ընթերցողին։
– Կարծում եմ՝ երազն ու երազի մասին ակնարկը ժամանակ չճանաչող հասկացություն է եւ այդ բառը ժամանակից վեր է ու քայլում է ժամանակին համահունչ։ Այո, այդ տեսանկյունից կարող է լինել արդիական ու ենթատեքստով ձգել ընթերցողին։ Սակայն միայն վերնագիրը իրականում բավարար չի կարող լինել ընթերցողին ձգելու համար։ Անկասկած, մեծ նշանակություն ունի բովանդակությունը, որովհետեւ վերնագիրն ու տեքստը միմյանց հետ հարաբերվում են ինչպես ձեւն ու բովանդակությունը։ Եվ եթե ձեւը կարեւոր է, բովանդակությունը տասնյակ անգամ կարեւոր է։
Ըստ էության, այս պատմվածքների ժողովածուն (15 պատմվածք) կամրջում է անցյալն ու ներկան, փորձ է անցյալի միջոցով ներկայացնել ներկան եւ դրանց երկուսի միջոցով կերտել գալիքը։
– Նշեցիք անցյալի մասին. խոսքը ո՞ւմ անցյալի՝ եթե մարդիկ են եւ որքա՞ն հեռու գնացող անցյալի մասին է։
– Խոսքը մարդկանց մասին է, որովհետեւ ես գտնում եմ, որ գրականությունը գիտություն է մարդու մասին։ Գրականության խնդիրն է ցույց տալ մարդու էությունը, ապրումները, նրա վերաբերմունքը շրջապատող իրականության նկատմամբ, այդ թվում՝ անցյալի։ Իմ գրականությունը սեփական անցյալը արժեւորելու ճանապարհն է, որ փոխկապակցված է շատ-շատերի անցյալին եւ այս տեսանկյունից ասել, թե դա բացառապես իմ անցյալն է՝ ճիշտ չի լինի։ Իսկ իմ անցյալն իր արմատներով հասնում է այն ժամանակները, երբ ես ձեւավորվել եմ որպես դատող ու իրադարձությունները մտապահող։ Հիմնականում անցյալս ներառում է շուրջ 30 տարվա իրադարձություններ, բայց դրանով չի սահմանափակվում, որովհետեւ այդտեղ դեր ունի նաեւ գենետիկ հիշողությունը։
– Ձեր գրական հերոսները, այնուամենայնիվ, ովքե՞ր են։
– Իմ գրական հերոսներն առավելապես հասարակ մարդիկ են, որոնք հեռու են քաղաքական կամ աշխարհաքաղաքային խնդիրներից, դրանք իրենց առնչելուց։ Նրանցից ոմանք կարողացել են բարեկեցիկ կյանք կառուցել, ոմանց էլ դա չի հաջողվել։ Եվ այդ տրամաբանությամբ նրանց մի մասն ապրում է բերկրանքով լի, մյուս մասը՝ դժգոհության մեջ ու նման հոգեվիճակների հակասականության նկարագրությունն է, որ կարող է ձգել ընթերցողին։ Կարճ ասած՝ ընթերցողն ու գրական կերպարները, համոզված եմ՝ կհանդիպեն գրքում։
– Դարձյալ անդրադառնանք ժողովածուի վերնագրին. չե՞ք կարծում, որ այդտեղ «երազ» բառը մի տեսակ հակադրվում է իրականությանը, ձեր տրամադրությանը…
– Հասկանում եմ, որ առերեւույթ ընկալումը կարող է այդպիսին լինել։ Բայց «երազ» ու «անհետանալ» բառերը որոշակիորեն տխուր հույզեր են առաջացնում, ինչն էլ ակնարկ է պարունակում չիրականացած երազանքների մասին։ Նաեւ կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը թեթեւ, կենսուրախ մարդկանց մասին է։ Սակայն նման տպավորությունը առավելապես սխալ է։ Երազ-անհետանալ առանցքի նշածս բացատրությունը բովանդակային տեսանկյունից համընկնում է իմ առաջ քաշած հարցերի լրջությանը։
– Պարզ է, որ ժողովածուն մինորային տրամադրության շրջանակներում է։ Կուզենայիք, չէ՞, ապրել ու ստեղծագործել այն ժամանակներում, երբ ձեր գործերում կգերիշխեր կենսուրախ մարդը։
– Բնականաբար՝ կուզենայի, ավելին՝ լցված եմ հավատով, որ առաջիկայում ստեղծվելու է գրականություն, որը կլինի ոչ մինորային, այլ մաժոր լադում, կստեղծվի մի իրականություն, որը հնարավորություն կտա ներկայացնել մաժոր լադում ապրող մարդկանց։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.10.2022