Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական ուղերձներ՝ Պրահայից. «կապրենք՝ կտեսնենք», «կշփվենք, եթե ցանկանանք»

Հոկտեմբեր 13,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Նախ, հոգեբանական նշանակության, «ոչ պաշտոնական» հանդիպում

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն առաջին անգամ Պրահայում մեկ սեղանի շուրջ էր հավաքել եվրոպական 44 երկրների՝ ոչ միայն Միության անդամ պետությունների ներկայացուցիչների: Եվրոպան միավորելու առաջարկը՝ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնինն էր՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։ Հավաքին չէին հրավիրվել Ռուսաստանն ու Բելառուսը, որպեսզի շեշտվեր նրանց միայնությունն ու մեկուսացումը քաղաքակիրթ աշխարհից։

Իսկ Հարավային Կովկասի միասնական լինելու հնարավորությունների մասին Արեւմուտքը խոսում է դեռ Խորհրդային միության փլուզումից ու նախկին խորհրդային երեք հանրապետությունների անկախացումից հետո: Ահա, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի առաջնորդները ոչ պաշտոնական միջավայրում արդեն մեկ սեղանի շուրջ էին…

Փաշինյան-Ալիեւ-Մակրոն-Միշել քառակողմ բանակցություններից, ինչպես նաեւ՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ տեսախցիկներն արձանագրեցին Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումները Էրդողանի ու Ալիեւի հետ: Անգամ այս տեսարանը Ալիեւն ու Էրդողանն օգտագործեցին քարոզչական առումով, ինչ-որ առումով Փաշինյանի վրա գործած հոգեբանական ազդեցության արդյունքները ցուցադրելով: Ուղերձը հետեւյալն էր՝ պատերազմում հաղթանակած Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները համաձայնել են մեկ սեղանի շուրջ նստել պատերազմում պարտված պետության ղեկավարի հետ, նրա որպիսությունը հարցնել, զրուցել նրա հետ:

Ո՞րն է հիմա հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ արգելքը, «Ազատության» թղթակիցն այս հարցն էր ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Նա հստակ պատասխան չի տվել: «Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս», – ասել էր Էրդողանն՝ առանց հավելյալ մանրամասների։

Հիշեցնենք, որ սա Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումն էր սեպտեմբերի 12-14-ին ադրբեջանական հարձակումներից ու ներխուժումներից հետո։ Ընդ որում, Պրահայի քառակողմ հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահը, արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, ո՞րն է նրա պատասխանը, ասել էր. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։

Մինչեւ քառակողմ բանակցությունները Ադրբեջանի նախագահը երկկողմ հանդիպում էր ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Նրանք քննարկել էին հաջորդ ամիս Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպման օրակարգը։ Այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ օգոստոսին։

Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպումը

Փաշինյան-Էրդողան հանդիպմանը հայկական պատվիրակության կազմում էին արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմից՝ արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը եւ հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։

Ի դեպ, Հայաստանի հատուկ բանագնացը՝ Ռուբեն Ռուբինյանը օրեր առաջ հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ին թուրքական կողմի հետ պետք է հանդիպում կայանար, որը, սակայն, Անկարան չեղարկել էր: Սեպտեմբերի այդ օրերին Անկարայի համար դիվանագիտության ժամանակը չէր, այլ՝ ուժի ցուցադրության, իսկ ագրեսիայի հերթական ակտից հետո արդեն կարելի է հանդարտ շփվել Հայաստանի իշխանությունների հետ…

Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպման արդյունքներով ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարեւորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները. «Նիկոլ Փաշինյանը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային գործընթացների շուրջ»:

Վերջին 13 տարիների դադարից հետո առաջին անգամ հանդիպելով, այսպիսով, Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդները քննարկեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի մեկնարկը տրվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, սակայն թուրքական պահանջները քանի դեռ չեն բավարարվել ամբողջությամբ՝ կշարունակվի ուժի ցուցադրություն, ապա՝ բանակցության գործընթացը:

Այս հանդիպմանը հաջորդած ասուլիսում Էրդողանը խոսեց նաեւ Փաշինյանի հետ հանդիպման մասին՝ հույս հայտնելով, որ ի վերջո կհասնեն երկու երկրների հարաբերությունների լիակատար կարգավորման՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա: Նա նշեց, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ, արտգործնախարարներին ցուցումներ են տրված, եւ որոշ ծրագրերի կոնկրետանալու դեպքում կարվեն անհրաժեշտ քայլերը դեպի առաջ: Նա նկատել էր, որ այժմ աշխատում են երկու կողմերի միջեւ բեռնափոխադրումների, օդային փոխադրումների վրա, եւ հույս հայտնեց, թե հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հնարավորինս շուտ բավականաչափ կջերմանան, ու խնդիրները կլուծվեն:

Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահը վստահեցրեց, թե Անկարան այս գործընթացում «որեւէ նախապայման չունի» ու անմիջապես ներկայացրեց Թուրքիայի պահանջը. «Մենք միայն ակնկալում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կհասնեն հասունության որոշակի աստիճանի: Հենց երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրվի, նրանք հասնեն այդ մակարդակին, կարծում եմ՝ մեր կողմից որեւէ խնդիր չի լինի, եւ մենք կբացենք սահմանները, կսկսենք բեռնափոխադրումները եւ օդային փոխադրումները»:
«Թուրքիան հարեւանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցանք, անկեղծորեն հավատում եմ, որ տարածաշրջանում կարող ենք հասնել լավ հարաբերությունների հաստատմանը,-ասել է Էրդողանը մամուլի ասուլիսում՝ հավելելով,- Փաշինյանի հետ մեր հանդիպումն անցավ անկեղծ մթնոլորտում։ Այս հանդիպման ընթացքում որոշ պահանջներ առաջ քաշվեցին։ Այդ պահանջների հարցով մենք ուղարկեցինք մեր հատուկ ներկայացուցիչներին ու արտգործնախարարներին։ Նրանց հանդիպումից հետո արդյունքին համապատասխան քայլեր կձեռնարկենք»։

Հայաստանը համաձայն է, Ադրբեջանը համաձայն է այնքանով, որքանով իրեն պետք կլինի

Հոկտեմբերի 6-ին Փաշինյանի, Ալիեւի, Մակրոնի եւ Միշելի քառակողմ եւ երկու ռաունդով կայացած բանակցություններից հետո հրապարակվեց հայտարարություն, որում ասվում էր. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, եւ որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչեւ հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, եւ իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Այս հայտարարության մեջ արդեն իսկ Ադրբեջանի համաձայնության «ոճից» կարելի է ենթադրել, որ Բաքուն այդ առաքելության գործունեությանը ոչ միայն լուրջ չի վերաբերվելու, այլեւ ցանկացած առիթի դեպքում հերքելու է որեւէ հնարավոր մեղադրանք՝ ուղղված Ադրբեջանին, կամ էլ չի զլանալու հասկացնել, որ այդ կառույցի գործունեությունն ու նրա գրանցած հնարավոր արդյունքները Բաքվին պարզապես չեն հետաքրքրում:

Պրահայի քառակողմ բանակցություններից հետո, ըստ ամենայնի, արդեն կանխազգալով, որ Բաքուն հավատարիմ է մնալու որդեգրած գծին, Փաշինյանը հարկ համարեց լրացուցիչ անգամ պարզաբանել, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները:

«Ես կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը եւ օրենսդրությունը», – գրել էր Փաշինյանը թվիթերյան իր էջում, ընդգծելով՝ Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել: Իսկ Ալիեւը, նկատենք, որ քառակողմ բանակցությունների առաջին փուլից հետո հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջոցներին ու պնդել, թե Հայաստանը չի ուզում ինքնակամ դեպի Նախիջեւան ավտոճանապարհ տալ:

Պրահայի քառակողմ բանակցությունների արդյունքների մասին վաղ է խոսել: Ադրբեջանի իշխանությունը վերջին 2 տարիներին ցույց է տվել, որ որեւէ պայմանավորվածություն, համաձայնություն նրա համար նշանակություն չունի: Սահմանային շարունակական լարվածությունները, ռազմական գործողությունները, ագրեսիայի դրսեւորումը պաշտոնական Բաքվի «խաղաղասիրության» ուրույն գործիքներն են:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31