Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներդրումները հիմնականում Ռուսաստանից փախչող փողերի հաշվին կարող էին աճել». Արեն Ապիկյան

Հոկտեմբեր 13,2022 15:00

«Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են». ֆեյսբուքյան իր էջում ուրախությամբ հայտնել էր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Տվյալներ վերցնելով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թվականի հունվար-օգոստոսին» զեկույցից՝ գրել էր. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերը կազմել են 76.55 մլրդ դրամ։ Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների եւ մարումների տարբերություններն են: Այսինքն՝ ՕՈՒՆ-ների համախառն ներհոսքը ավելի մեծ է։ Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՕՈՒՆ զուտ հոսքերը կազմել են 42.68 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՕՈՒՆ զուտ հոսքերի ծավալն աճել է 33.9 մլրդ դրամով կամ մոտ 80%-ով»։

Որեւէ մեկնաբանություն, հիմնավորում այն մասին, թե ինչի հաշվին է օտարերկրյա ներդրումների հոսքը կտրուկ աճել, մի՞թե պատերազմական վիճակում գտնվող մեր երկիրը, որտեղ ոչ միայն սահմանային կրակոցներ են հնչում, այլ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ ԱԹՍ-ներ, թիրախավորվում են ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, արձանագրվում են զոհերի եւ վիրավորների դեպքեր՝ այնքան գրավիչ է դարձել օտարերկրյա ներդրողների համար, որ մեկ տարվա կտրվածքով արձանագրվում է ներդրումների կտրուկ աճ:

Հարցի տնտեսագիտական հիմնավորումներ ստանալու նպատակով դիմեցինք տնտեսագետ Արեն Ապիկյանին. «Ներդրումները հիմնականում Ռուսաստանից փախչող փողերի հաշվին կարող էին աճել, հարյուրավոր հիմնարկներ են տեղափոխվել Հայաստան»: Մեր ճշտող հարցին, թե այսինքն սրանք ռեա՞լ տվյալներ են՝ պայմանավորված Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով, այլ ոչ թե մեր երկրի ներդրումային գրավչությա՞մբ՝ Արեն Ապիկյանը դժվարացավ բացատրություն տալ՝ ընդգծելով. «Գրավչություն հաստատ չկա, այսինքն ոչինչ չի արվել, որպեսզի երկրի տնտեսությունը, ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դառնա, քան, ասենք, մեկ տարի առաջ էր»:

Հետեւելով պատգամավորի օրինակին, մենք էլ ծանոթացանք «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թվականի հունվար-օգոստոսին» զեկույցին՝ կոնկրետ թվերի միջոցով հասկանալու համար օտարերկրյա ներդրումների աճի միտումները:

Առանձնացելով մի քանի երկրներ, որոնք մեր կարծիքով առավել ներդրումային մասնակցություն ունեն մեր տնտեսության մեջ՝ ստացանք հետեւյալ պատկերը: 2021թ. Ֆրանսիայից ներդրումները կազմել են ընդամենը -2 010.7 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումներ եղել են -2 680.0 մլրդ դրամ, 2022թ.՝ ընդամենը ներդրումները՝ 3 462.8 մլրդ դրամ է, որից`ուղղակի ներդրումները կազմել է 6 275.9 մլրդ դրամ: Գերմանիայից անցած տարվա ներդրումները ընդամենը կազմել է 61 748.5 մլրդ. դրամ, որից ուղղակի ներդրումներին բաժին է ընկնում 43 031.6 մլրդ դրամ, 2022թ. ընդամենը ներդրումներն արդեն կազմել են -5 986.0 մլրդ դրամ, որից` ուղղակի ներդրումներ՝ – 5 088.5 մլրդ. դրամ:

Մեր հարեւան Իրանը 2021 թ. կատարել է ընդամենը 7 544.1 մլրդ. դրամի ներդրում, որից ուղղակի ներդրումների թիվը կազմել է զրո, 2022թ. ընդամենը ներդրումների թիվը նվազել է ՝ մինչեւ -213.7 մլրդ դրամի, որից ուղղակի ներդրումների թիվը դարձյալ զրո է: Արաբական Էմիրությունները 2021թ. կատարել են ընդամենը 2 287.1 մլրդ դրամի ներդրում, որից ուղղակի ներդրումները կազմում են 2 293.5 մլն դրամ, 2022թ. հաջորդաբար՝ 2 297.7 մլրդ դրամ, որից` ուղղակի ներդրումներ՝ 2 117.2 մլրդ. դրամ: Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսության մեջ լրջագույն դերակատարում ունեցող Չինաստանին, ապա այն Հայաստանում 2021թ. կատարել է ընդամենը -18.7 մլրդ դրամ ներդրում, որից ճիշտ այդքանն էլ ուղղակի ներդրումներ են, նույն պատկերն է նաեւ 2022թ. տվյալներով. ընդամենը -11.6 մլրդ դրամի ներդրումն ամբողջությամբ ուղղակի ներդրում է:

Եվ վերջապես, մեր երկրում Ռուսաստանի Դաշնության ակտիվության ցուցանիշը, որն ըստ փորձագետի՝ «պայմանավորված է Ռուսաստանից փախչող փողերով»:

2021թ.՝ Ռուսաստանի ընդամենը ներդրումների թիվը կազմել է -1 227.7 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումները՝ -26 229.3 մլրդ դրամ, 2022 թվականին արդեն այդ թիվը թռիչքաձեւ աճել է. ընդամենը ներդրումները հասնելով՝ 57 495.1 մլրդ դրամի, որից` ուղղակի ներդրումները կազմել են ընդհանուր ներդրումների ավելի քան երեք քառորդը՝ 48 506.9 մլրդ դրամ:

Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի ընդհանուր ներդրումները գերազանցում են մնացած 5 պետությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իրանի, Չինաստանի եւ ԱՄԷ-ի մեր երկրում այս տարվա առաջին եռամսյակի ընդհանուր ներդրումների ցուցանիշներին: Ստացվում է, որ փորձագետի խոսքով՝ ոչ թե մեր երկրի ներդրումային գրավչությունն է բարձրացել, այլ ընդամենը Ռուսաստանի տնտեսվարողներն այս պահին իրենց գումարները փրկելու հարմար տարբերակ են գտել:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ. 2018թ. մայիսի 17-ի ՀՀ կառավարության նիստում դիմելով ՀՀ վիճակագրության կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակեց վիճակագրության մասին հայտնի խոսքը. «Կա սուտ, կա լկտի սուտ, եւ կա վիճակագրություն. Ես հույս ունեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մեզ բոլորիս կհանի այդ տրամաբանությունից»:

«Առավոտ» օրաթերթ
12.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31