Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցորի տղաները վերջին պահին իրար երդվել են. «Եթե ապրել՝ ապա ապրել միասին, եթե մահ՝ էլի միասին»

Հոկտեմբեր 12,2022 22:50

Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր բացվեց 44-օրյա պատերազմում առայժմ անհասկանալի պատճառներով ստեղծված պայմաններում զոհված Ցորի զորամասի հրետանավորների հիշատակի հուշաքարը:

Դավիթ Ազատյանի մայրը՝ Քրիստինա Ազատյանը, լրատվամիջոցներին ասաց, որ իրենք  տեսանյութեր ունեին, որտեղ երեւում էին զոհված տղաները: «Սակայն չէր երեւում, թե ով՝ ով է: Մտածում էինք՝ ոնց էլ լինի, տղաներից 4-5-ը ողջ մնացած կլինեն: Բայց հետո պարզվեց, որ մեր սպասումներն իզուր էին: Տղաներին փոխանցեցին 2021 թվականի նոյեմբերի 2-ին, նրանց զոհվելուց մեկ տարի երկու ամիս հետո: Ադրբեջանցիները չէին ուզում տալ, սակայն դա հնարավոր եղավ ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Մեկ ամիս տեւեց ԴՆԹ նույնականացումը, որից հետո հուղարկավորությունը եղավ դեկտեմբերի 2-ին»:

 

Թշնամին տղաներին թաղել էր նրանց զոհվելուց մոտ 5 կմ հեռու,  որպեսզի գտնել հնարավոր չլինի գտնել: Տիկին Ազատյանը նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ հիմա կա մեկ անհետ կորած եւ նա հրամանատար Նորայր Հայրապետյանն է, այն հրամանատարը, որը չի հավատացել. «Չկրակեք, մերոնք են» հրամանին եւ ինչ-որ ձեւով փորձել պաշտպանողական մարտ վարել: Տիկին Քրիստինան նաեւ հավելեց, որ տղաները գտնվել են այն տարածքում, որն արդեն հանձնված էր Ադրբեջանին ու դրա համար մինչեւ այսօր կոնկրետ մեղադրանք ներկայացված չէ:

 

Հայկ Անտոնյանի մայրը՝ Մարինե Մուշեղյանը պատմեց, որ իրենք մեկ տարի երկու ամիս տղաներին որոնել են Արցախի տարբեր տարածքներում: «Ադրբեջանական կողմը երեխաներին չէր տալիս՝ ասելով, որպեսզի չհերոսացնենք, քանի որ մեր զավակները նրանց շատ կորուստներ էին պատճառել: Ասում են, որ Հադրութը հոկտեմբերի 5-ին արդեն հանձնված էր, սակայն տղաները մինչեւ հոկտեմբերի 12-ը դեռ եղել են այնտեղ: Եվ հենց այդ օրը թշնամու շուրջ 250 հոգանոց խումբ է հարձակվել նրանց վրա, ու սխալ տեղեկատվություն է եղել, թե մերոնք են՝ չկրակեք»,-ասաց  տիկին Մուշեղյանը:

Հուշաքարի վրա գրված է Ցորի հերոս տղաների վերջին երդումը, որ իրենք տվել են միմյանց մարտի բռնվելուց առաջ. «Եթե ապրել՝ ապա ապրել միասին, եթե մահ՝ էլի միասին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31