«Մինչեւ վերջին պահը անորոշություն էր, կոնկրետ ես ոչ մեկի հետ չէի բանակցել»,-ասաց Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը՝ համայնքի ավագանու առաջին նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նորընտիր համայնքապետի խոսքով ինքը պատրաստակամ է աշխատելու բոլոր ուժերի հետ, բայց դա ընթացքից պարզ կլինի։ «Ես միշտ ասել եմ՝ պիտի աշխատենք ի շահ համայնքի, ի շահ քաղաքացու»,-նշեց Արմեն Հակոբջանյանը։
Սեպտեմբերի 25-ին կայացած ավագանու համամասնական ընտրություններից հետո Սիսիան համայնքում խնդրահարույց իրավիճակ էր։ Ընտրողների 51 տոկոսը չէր ստացել որեւէ ուժ եւ համայնքի ղեկավար պիտի ընտրվեր ավագանու կազմից։ 21 մանդատներից 8-ը՝«Քաղաքացիական պայմանագիրն» էր ստացել, 5-ը՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը, 4-ը՝ «Ապրելու երկիրը», 2-ական մանդատ «Մեկ Հայաստան» ու « Հանուն Հանրապետության» կուսակցությունները։ «Ապրելու երկիրը» բոյկոտել էր հոկտեմբերի 12-ին կայացած նիստը, իսկ ավելի ուշ ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը հայտարարեց, որ վայր են դնում մանդատները։
«Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Առաքելյանը ստացավ 7 կողմ, Արմեն Հակոբջանյանը՝ 9 ձայն․ վերջինիս ճակատագիրը որոշեց «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ներկայացնող Նախշուն Յազուլյանը, քվեարկելով Արմեն Հակոբջանյանի օգտին։
Մոտ մեկ տարի Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար աշխատած Արմեն Հակոբջանյանը խոստանում է նույն տեմպով աշխատել։ «Նույն տեմպով, ավելի եռանդուն մեր թիմի հետ կաշխատենք»,-ասաց նորընտիր համայնքապետը։
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ