Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդկանց ձեռքն իշխանություն է ընկել, գերնպատակը ռուսական բազան այստեղից հանելն է»․ Արթուր Համբարձումյան

Հոկտեմբեր 12,2022 21:25

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը կարծիք հայտնեց, որ Եվրամիության դիտորդական խմբի տեղակայումը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, ամենևին չի զսպի Ադրբեջանի ագրեսիան ու նկրտումները Հայաստանի նկատմամբ։

«Պիտի ասեմ, որ դիտորդական խումբն առաքելություն իրականացնելու է հայկական կողմից, ադրբեջանական կողմից դեռ դրական վիզա դիտորդական առաքելություն անցկացնելու տրված չէ։

Այսօր, կարելի է ասել, մեծ պատերազմ է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի, Եվրամիության և Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, սակայն ՀԱՊԿ անդամ պետությունը Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում, այսինքն ռուսական զինվորի կողքը փորձում է բերել այսպես ասենք ՆԱՏՕ-ի զինվորներին։

Այն մարդիկ, որոնք քաղաքացիական հագուստներով գալու են առաքելություն իրականացնեն, մենք հո միամիտ չենք մտածենք, նրանք ինչ-որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Բնականաբար, նրանք կլինեն քաղաքացիական հագուստներով հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, ում հայկական կողմը բերելու է կանգնեցնի, ինչ-որ առաքելություն իրականացնի սահմանի վրա։ Սա ևս մեկ հարված է», -ասում է Արթուր Համբարձումյանը։

Վերջինիս բնութագրմամբ, թե՛ ընդդիմադիր լինելու ժամանակահատվածում, և թե՛ հիմա՝ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի գործունեության նպատակներից մեկն այս տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը հավասարակշռելն է։

«Դիտորդական առաքելությունը դրա վառ դրսևորումներից է, հնարավորինս անել այնպիսի գործողություններ, որոնք Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում կնվազեցնի։ Այսօր կարող է դիտորդական առաքելություն են իրականացնում, վաղը որոշում են կայացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու։ Մյուս օրը կարող է որոշեն, որ չեղյալ է համարվում հայ-ռուսական ռազմական միջպետական պայմանագիրը, ըստ որի մինչև 1949 թվականը ռուսական ռազմաբազան այստեղ պիտի գտնվի։

Այսինքն՝ սա պահանջ է, որը դրվել է Փաշինյանի Նիկոլի, իր խմբավորման ուսերին և այդ պահանջը հնարավորության սահմաններում Փաշինյան Նիկոլն իրականացնում է։

Եվ այս համատեքստում պիտի ասեմ, որ նիկոլական զանգվածի հակառուսական և պրոարևմտյան վերջին սրացումը սկսվեց անմիջապես նրանից հետո, երբ Ռուսաստանը թվացյալ նահանջ ունեցավ, Ռուսաստանի լոկալ պարտությունները սկսվեցին ուկրաինական մարտադաշտում։ Դրանից հետո տեղի ունեցավ էսկալացիան հայ-ադրբեջանական  սահմանին, այնուհետ Նենսի Փելոսին եկավ Հայաստան և ՀԱՊԿ-ից դուրս գալու հռետորաբանությունն ավելի ակտիվացավ։ Այսինքն՝ Փաշինյան Նիկոլի և մնացյալի իրականացրածը պետք է դիտարկել այսպես կոչված աշխարհաքաղաքական այս տիրույթում․ հնարավորինս անել ամեն ինչ, որ Ռուսաստանի ազդեցությունը նվազի, եթե հնարավոր է ռուսական զորքն այստեղից հանի»։

Արթուր Համբարձումյանը հիշում է, երբ 2016 թվականին ինքը Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել ՔՊ-ի կողմից, քաղաքապետի թեկնածուի ու կուսակցության վարչության միջև որպես կապող օղակ նշանակված է եղել Ռուբեն Ռուբինյանը։ Նա, գալով Գյումրի, սկսել է ակտիվորեն հետաքրքրվել ռուսական ռազմաբազայի վերաբերյալ գյումրեցիների կարծիքներով, տրամադրություններով։

Իսկ այս ամենը, ըստ Արթուր Համբարձումյանի, որևէ առնչություն չուներ ՏԻՄ ընտրությունների հետ։

«Հիմա այս մարդկանց ձեռքն իշխանություն է ընկել, գերնպատակը բազան այստեղից հանելն է, այստեղ որևէ կասկած լինել չի կարող»,-ասում է Արթուր Համբարձումյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31