Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Ազգային հերոս Վահագն Ասատրյանի դեմ ստիպված էր հրթիռ կիրառել

Հոկտեմբեր 12,2022 21:10

Այսօր ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի մահվան երկրորդ տարելիցն է: Նա զոհվել է Հադրութ քաղաքում՝ թշնամու արձակած հրթիռային հարվածից: Ականատեսների եւ մարտական ընկերների վկայությամբ, նրա ղեկավարած ստորաբաժանումը 44-օրյա պատերազմում Արցախի տարբեր ճակատներում բազմաթիվ լուրջ պարտությունների է մատնել ադրբեջանցիներին, ինչի համար թշնամին նրան հայտարարել է առանձնապես վտանգավոր եւ հրամայել նրան տեղորոշելու դեպքում անգամ հրթիռ կիրառել:

Այսօր հերոսի հարազատները, ընկերները Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին հերոսի հիշատակին: Նրան ճանաչողները քչախոս էին: Եվ ոչ միայն նրա համար, որ կոկորդ էր սեղմվում: Մեր զրուցակիցների բնութագրմամբ, Վահագն Ասատրյանը ամբողջ կյանքում համեստության մարմնավորում է եղել, աշխատել է մնալ աննկատ, չի խոսել իր ծառայության մասին: Բայց եղել է անսահման նվիրված հայրենիքին, զինվորական ծառայությանը, ծնողներին, ընտանիքին, իր զինվորներին, ընկերներին:

Արայիկ Գեւորգյանը, որը Ասատրյանի հետ մեծացել է նույն բակում, պատմում է, որ դեռ մանուկ հասակից Վահագի մեջ նկատվում էր սերն ու նվիրվածությունը այն ամենին, ինչն իրեն շրջապատում է: «Մենք շատ ակտիվ, չարաճճի մանկություն ենք ունեցել, սակայն Վահագնի մեջ ցայտուն  նկատվում էր նաեւ պատասխանատվության զգացումը: Նա այդպիսին մնաց նաեւ պատանեկան ու երիտասարդական տարիներին, այդպիսին մնաց ուսման մեջ, աշխատանքում: Դա գալիս էր նաեւ ընտանիքում ստացած մեր դաստիարակությունից, որտեղ հայրենիքը անսակարկելի արժեք է: Այնպես որ, արդեն մանուկ հասակից նրա մեջ նստած էր հայրենիքին ծառայելու, երկիրը հզորացնելու առաքելությունը եւ գիտակցությունը, որ յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա այդ գործում»:

Ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը նույնպես Վահագն Ասատրյանին հիշում է որպես քչախոս, ինքնամփոփ, միեւնույն ժամանակ՝ ռոմանտիկ, կյանքին սիրահարված անձնավորություն: «Նա իր գործի սիրահար ու գիտակ մարդ էր: Ռազմական գործ մասնագիտությունն ընտրել էր դեռ մանկուց: Եվ ընտրության հարցում մեծապես նպաստել է մորեղբայրը՝ լեգենդար գեներալ Աստվածատուր Պետրոսյանը: Զինվորական գործիչ Վահագնի մասին շատ է խոսվել, բայց ես ուզում եմ հիմա մի պատմություն պատմել, որը բնութագրում է նրա մարդ տեսակը: Վահագնը խստապահանջ հրամանատար է եղել, սակայն նրա ներսում բաբախել է նրբազգաց մարդու սիրտ: Մի անգամ նա իր զինվորներից մեկի մոտ անհանգստության նշաններ է նկատում: Կանչում, հարցնում է, թե ինչ է պատահել: Զինվորը,  որ Շիրակի մարզից է եղել, ասել է, թե մայրը ցախ է գնել ու կոտրող չունի: Հաջորդ օրը Վահագնը այդ զինվորին մեքենայով ուղարկել է տուն, որպեսզի ցախը կոտրի ու մի օր մնալուց հետո վերադառնա»,-պատմեց Նիկողայոս Եղիազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31