Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մերժմամբ չի նշանակում, թե Փաշինյանի ասածները Վերմիշյանի մասին իրական են դառնում»․ փաստաբան

Հոկտեմբեր 12,2022 18:02

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր տեղեկացրեց, որ Վահագն Վերմիշյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված դատական հայցի մերժման դեմ վերաքննիչ բողոքը երեկ նույնպես մերժվել է։ Բանն այն է, որ դատարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը  հայցի վաղեմության մասին միջնորդություն է ներկայացրել, եւ դատավորը բավարարել  է այն։

Այս հայցով Վերմիշյանը Փաշինյանից պահանջում էր հերքել իր մասին 2020թ․ փետրվարին արված արտահայտությունները։ Ալեքսանդր Կոչուբաեւը նշեց․ «Սա չի նշանակում, որ Փաշինյանի արտահայտություններն իրական են դառնում։ Նիկոլ Փաշինյանը Վերմիշյանի ձերբակալության հենց հաջորդ օրը՝ առանց դատական ակտի, շտապեց հայտարարել, որ նա մեղավոր է, որ ձերբակալվել է կաշառակերության մեջ մեղադրվող բարձրաստիճան պաշտոնյա։ Մեր բողոքի մերժումը  բովանդակային առումով նշանակում է, որ Փաշինյանը զրպարտել է, բայց զրպարտել է վաղուց։ Հետեւաբար, պետք էր մերժել։ Մենք գործ ունենք երկրի ղեկավարի հետ, ում նման վարքագիծը հարիր չէ։ Խնդիրն այն է, որ Վերմիշյանը կալանավայրում կապի միջոց, բնականաբար չի ունեցել եւ կապը պահպանել է փաստաբանի հետ, ու զրպարտիչ հայտարարության մասին իմանալով՝ այդ պահից որոշել է հայց ներկայացնել։ Ցավոք, գործը քննող դատավորը չունեցավ բավարար անկախություն՝ այն քննարկելու։ Նա անտեսեց, որ Վերմիշյանը գտնվել է կալանավայրում եւ ավելի վաղ հնարավորություն չի ունեցել իմանալու զրպարտչական արտահայտությունների մասին»։

Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքով՝ անգամ նման քաղաքացիական գործերին է իշխանությունը միջամտում։

Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարից մինչեւ հիմա Վահագն Վերմիշյանը կալանավորված է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և խարդախություն կատարելու մեջ, եւ մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպանն ավելի վաղ հայտարարել է․ «Վահագն Վերմիշյանը հետապնդվում է կառավարության ներսում ազատ խոսք արտահայտելու, վարչապետի հետ երկխոսություն վարելու, նրա եւ կառավարության սխալները մատնանշելու, կոռուպցիոն սխեմաների առջեւ կանգնելու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31