Արման Հարությունյանը Բրյուսովի պետական համալսարանը պահպանելու շարժման ակտիվ մասնակիցներից է:
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ընկերների հետ տեղեկանալով, որ համալսարանը ցանկանում են միավորել Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ, կազմակերպել են դասադուլ. «Ոչ մի ուսանողի պարտադրողական ոչինչ չի եղել, բոլորը միասին իջել են այս հավաքին մասնակցել են, քանի որ մենք բրյուսովականներ ենք»:
Ուսանողները ստորագրահավաք են սկսել, սակայն քանի որ այն դեռ ընթացքի մեջ է Արման Հարությունյանը չկարողացավ ստորագրահավաքի մասնակիցների թիվը նշել. «Բայց չկա մի ուսանող, որը տեղյակ լինելու դեպքում չի մասնակցել ստորագրահավաքին»:
Արման Հարությունյանը հավելեց, որ սա ոչ միայն Բրյուսովի համալսարանի խնդիրն է, այլ նաև Ֆիզկուլտ ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի: Նրանք խորհրդակցել են համալսարանների ուսանողների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալ Բրյուսովի ուսանողներին:
Կարդացեք նաև
Նա նաև հայտնեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ փակ քննարկում են ունեցել, սակայն մանրամասներ չեն կարող տրամադրել: Ներկայումս սպասում են իրավիճակի մասին տեղեկատվության՝ հերթական քայլերը որոշելու համար: Իսկ վաղը Բրյուսովում դասապրոցեսը բնականոն հունով շարունակվելու է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Մարիա ՉԻՉԱԿՅԱՆ
Արման Հարությունյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան իր էջից: