Լրահոս
Օրվա լրահոսը

Իոաննիսյանին ՔՊ-ի քվեարկությունը հիշեցրել է «Смерть Сталина» ֆիլմը, Սաքունցի խոսքով՝ «Այդ 65 պատգամավորները թող չփորձեն հանդես գալ ժողովրդավարության անունից»

Հոկտեմբեր 12,2022 17:42

«Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահ ընտրելիս անհրաժեշտ էր 65 ձայն ու եղել է հենց 65, որից մեկը ինքն է եղել: Սա խախտում է ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին 4-րդ հոդվածը ու շահերի բախման առումով խնդիր կա: ԿԸՀ նախագահի պաշտոնավարման սկիզբը լավ տեղ չի տանում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «ԿԸՀ, ԲԴԽ նախագահների ընտրության քաղաքական պատճառներն ու հետեւանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Հաշվի առնելով Հովակիմյանի ունակությունները՝ Իոաննիսյանը գտնում է, որ նա չի պաշտոնավարելու մինչեւ սահմանված ժամկետի ավարտը:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց. «Վահագն Հովակիմյան, ԿԸՀ նախագահի ընտրության փուլում արդեն իսկ զերծ չես մնում շահերի բախումից, քեզ համար դա արժեք չի, երբ որ դու մասնակցում ես քո քվեարկությանը, արդեն իսկ քո՝ քվեարկությանը մասնակցելու քայլով հիմնավորում ես այն մտահոգությունը, որ ունենք: Անաչառության ու անկողմնակալության հարցը այստեղ է ի հայտ գալիս; Արդեն իսկ դու հիմնավորում ես, որ անաչառ չես, չես դրսեւորել վարքագիծ՝ խուսափելու շահերի բախումից: Հույսը ինչերի՞ վրա են դրել՝ ասելու են, որ լավ նպատակներո՞վ է, թե՞ թքած ունենալու արվեստն է»:

Խոսելով ԲԴԽ-ի մասին՝ Արթուր Սաքունցն ասաց. «ԲԴԽ դատավորի անկողմնակալության ու անաչառության բնութագրիչը որոշիչ նշանակություն ունի, իսկ հերթական անգամ, երբ որ ԲԴԽ-ն այդ կազմով հավաքվում ու նախագահ են ընտրում, արդեն մնացած կազմի նկատմամբ էլ կասկածներ ունի, նշանակում է՝ ում առաջարկում են, միանգամից քվեարկո՞ւմ եք, ա՛յ մարդ, մի անգամ էլ դեմ քվեարկեք: Սա ես որակում եմ կուսակցության ու արդեն հերթական դատական իշխանության սերտաճմանն ուղղված քայլ»:

Իոաննիսյանին միաձայն քվեարկությունների այս շարքը հիշեցրել է «Смерть Сталина» ֆիլմը, որով կարողացել են ՍՄԿԿ փտածությունը ցույց տալ. «Իշխանությունը, օրինակ, Ալեն Սիմոնյանը մի քիչ աղավաղված պատկերացում ունեն ժողովրդավարության մասին, մոտավորապես ասում են՝ մեզ ժողովուրդն ընտրել է, ուրեմն ինչ ուզենք՝ կարող ենք անել: Եթե ՀՀԿ-ն չէր կարող Հրայր Թովմասյանին ընտրել, որովհետեւ նա կուսակցական էր, մենք կարող ենք, որովհետեւ ժողովուրդը մեզ ընտրել է: Իհարկե, այդ ընտրել-չընտրելու տարբերությունը չենք կարող անտեսել, բայց այդ հիմնավորվածությամբ դու սկսում ես զավթել պետական ինստիտուտները: Մի պահի կզավթես այնքան, մինչեւ ժողովուրդը չի ընտրի: Մանրից այս իշխանությունը զավթում է, սկզբում կզավթեն լավ նպատակների համար, հետո՝ վատ նպատակների համար: Կներեք, եթե մենք Ադրբեջանից,Իրանից, Վրաստանից ավելի լավ ենք՝ ժողովրդավարության իմաստով, դա մեզ համար արդյոք բավարա՞ր չափանիշ է: Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էինք ավելի լավ Ադրբեջանից՝ ժողովրդավարության իմաստով: Հա, հիմա ժողովրդավարության կղզյակ ենք, եթե ոստիկանությունը մեկ-երկու ցուցարարի էլ ծեծի, էլի կշարունակենք մնալ ժողովրդավարության կղզյակ, որովհետեւ հարեւանների հարցով բախտներս չի բերել»:

Սաքունցն էլ հավելեց. «Պետության զավթումը չի կարող լավ նպատակներ ունենալ: Ժողովրդավարությունը ընթացակարգեր են, գործընթացներ: Ժողովրդավարության կարեւորությունը հենց այդ գործընթացների պահպանման մեջ է: ՀՀ ներկա իշխանությունը իր այս վերջին երկու քայլերով ակնհայտ հետընթաց է կատարում ժողովրդավարական քայլերից, պետական ինստիտուտների զավթման հերթական դրսեւորումն է՝ կուսակցականացման միջոցով: Իշխանությունները ընդմիշտ լեգիտիմություն չունեն: Շատ կարեւոր է ամենօրյա ջանքերով հետամուտ լինել, պահպանել դա, քեզ քվեարկությամբ տրված լեգիտիմությունը չի կարող փրկիչ հանդիսանալ»:

Սաքունցի համար անհասկանալի է՝ ինչու են հուսալքում հանրությանը ու մղում, որ մի օր պոռթկա ու ընդվզումով հարցերը լուծի. «Այդ 65 պատգամավորները, որոնք քվեարկել են, թող չփորձեն հանդես գալ ժողովրդավարության անունից, իրենք այդ քվեարկությամբ հակաժողովրդավարական քայլ են արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31