ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության քաղաքականության հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։
Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց հանդիպման նախաձեռնության համար և նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է ինչպես առկա համագործակցության խորացման, այնպես էլ նոր առաջարկների քննարկման համար:
Կարդացեք նաև
Ի պատասխան դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ դեսպանությունը նոր է սկսել իր առաքելությունը Հայաստանում և այժմ իր առջև ունի դրված խնդիր տարբեր ոլորտներում ակտիվացնելու հայ-նիդերլանդական համագործակցությունը, իսկ իր այցի հիմանական նպատակը արտակարգ իրավիճակների բնագավառում հնարավոր ուղղությունների նախանշումն է: Դեսպանը հատուկ մեջբերեց իր երկրի առաջնահերթությունները համարվող երեք հիմնական ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և լավ կառավարման մեխանիզմներ: Նշեց, որ գենդերային հավասարության խնդիրը խիստ շեշտադրված է նիդերլանդական կառավարության քաղաքականության մեջ: Ի պատասխան նախարար Փամբուխչյանը հայտնեց, որ դեսպանի մեջբերած առաջնահերթությունները ամուր հիմքերի վրա դրված են թե´ ՀՀ կառավարության, թե´ ԱԻ նախարարության գործունեության հիմքում, և որ նախարարության կադրային քաղաքականությունը հիմնվում է հենց այս սկզբունքի վրա: Կանայք նախարարության և´ սպայական կազմում, և´ քաղաքացիական ծառայության համակարգում հավասար մրցութային հիմունքներով մասնակցում և զբաղեցնում են բարձր պաշտոններ, ինչպես նաև ստանում բարձր սպայական կոչումներ:
Նախարարը շեշտեց, որ թեև Նիդերլանդները ամենահաճախը աղետներից առնչվում են հեղեղումների հետ, սակայն մեծ է նաև անտառային հրդեհների վտանգը, և որ Հայաստանը պատրաստ է կիսվելու անտառային հրդեհների դեմ պայքարի իր ունեցած հարուստ փորձով: Նա դեսպանին ներկայացրեց վերջին տարիներին անտառային հրդեհների դեմ պայքարի հայկական փորձառությունը՝ ի դեմս Խոսրովի արգելոցում տեղի ունեցած խոշոր և շարունակաբար ավելի փոքր ծավալներով կրկնվող միջադեպերի, հայտնեց, որ այս առումով ԱԻՆ-ը շարունակաբար կատարելագործում է իր կարողություններն ու հմտությունները և պատրաստ է Նիդերլանդների ոլորտի պատասխանատուների հետ համագործակցության ակտիվացման և փորձի փոխանակման համար: Նախարարը հայտնեց նաև, որ ակտիվ աշխատանքներ են տարվում կամավորական ջոկատների ստեղծման ուղղությամբ, ինչը ենթադրում է դժվար հասանելիություն ունեցող տեղամասերում առաջին արձագանքողների թվի ավելացում և կարողությունների կատարելագործում: Դեսպանը ողջունեց կամավորական ջոկատների զարգացման գաղափարը և նշեց, որ տեղյակ է տարվող աշխատանքներից և կամավորների գործունեությանն անձամբ ծանոթացել է Խոսրովի արգելոցում:
Դեսպան Սխեմերսը անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիային, հայտնեց, որ ի թիվս այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների այցելել է Ջերմուկ, Վարդենիս և Սոթք, տեղում ծանոթացել իրավիճակին: Դեսպանը հատուկ շեշտեց, որ թիրախային հատվածներում բնակչության անվնաս դուրսբերման և պաշտպանության գործում խիստ հատկանշական է ԱԻՆ անձնակազմի ցուցաբերած բարձ մասնագիտական պատրաստվածությունը:
Դեսպանը անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ստեղծման թեմային՝ հայտնեց, որ բարեփոխումների մշակման գործում Նիդերլանդներն իր մասնակցությունն է ունեցել խորհրդատվության առումով: Դեսպանը հայտնեց, որ պատրաստ է հանդես գալու որպես կոնտակտային անձ նոր ստեղծվող նախարարության և Նիդերլանդների ՆԳՆ միջև նախատեսվող համագործակցության ձևավորման գործում, ինչպես նաև հանձն առավ քննարկված թեմաների շուրջ համագործակցային կապերի ստեղծման համար՝ թե անտառային հրդեհների, և թե սեյսմոլոգիայի ոլորտներում:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն