Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն աշխատանքային այցով Վիեննայում է՝ մասնակցելու Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) կողմից կազմակերպվող Վիեննայի 2022թ. միգրացիոն տարեկան համաժողովին, որն այս տարի տեղի է ունենում հոկտեմբերի 11-12-ը։
Համաժողովի բացման արարողության ժամանակ Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները և ՄՔՄՄԿ գլխավոր տնօրեն Միխայել Շպինդելեգերը իրենց մտահոգությունները հայտնեցին Եվրոպայում և աշխարհում շարունակվող հակամարտությունների, լայնածավալ տեղահանումների, բնական վտանգների, կենսական ծախսերի աճի, աշխատուժի պակասի և շարունակվող համաճարակի վերաբերյալ՝ կարևորելով միգրացիոն գործընթացների բազմակողմ ու համապարփակ քննարկումը այս համատեքստում։
Համաժողովը կազմակերպվում է 2016 թ-ից՝ ամենամյա պարբերականությամբ։ Այն համախմբում է քաղաքական գործիչներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, կառավարության փորձագետներին, ոլորտի մասնագետներին, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ակադեմիայի ներկայացուցիչներին և լրատվամիջոցներին` միգրացիոն քաղաքականության մշակման կարևոր կողմերը քննարկելու համար:
ՄԾ պետ Արմեն Ղազարյանն առանձին հանդիպում է ունեցել ՄՔՄՄԿ միգրացիոն երկխոսությունների և համագործակցության գծով տնօրեն Մարտաին Փլյումի և ՄՔՄՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Ժաքի հետ։ Կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքականության ծառայության ստեղծման համատեքստում համագործակցության հնարավորությունները։
Կարդացեք նաև
ՀՀ Միգրացիոն ծառայություն