Լրահոս
Օրվա լրահոսը

Ցոլակ Ակոպյան. «Ես չէի պատկերացնում, որ 21-րդ դարում կարող է բուհի ճակատագիր որոշվել, առանց բուհի կարծիքը հարցնելու»

Հոկտեմբեր 12,2022 17:10

Բրյուսովի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն այժմ քննարկում է բուհի միավորման հետ կապված իրենց անելիքները: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին տարածվեց նորություն, որ նախատեսվում է միավորել Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ:

Բուհի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ դեկտեմբերին լրանում է համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, և հոկտեմբերի 11-ին հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում քննարկվում էր համալսարանի ռեկտորի հերթական ընտրության հարցը. «Պատահական մեզ համար խորհրդի անդամ կառավարության ներկայացուցիչները բարձրաձայնեցին օրակարգից այդ հարցը հանելու հարցը: Երբ որ եղավ հարց՝ ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ ենք խոչընդոտում բուհի բնականոն գործունեությանը, ինչո՞ւ ռեկտորը ժամանակին չընտրվի, որ անցումային շրջաններ չլինեն, ինչպես եղավ այլ բուհերում վերջին տարիներին: Եղավ պատասխան, որ շատ կարճ ժամանակում կառավարությունում նախագիծ է շրջանառվում, որի համաձայն բուհերը պետք է միավորվեն, օպտիմալիզացվեն: Բուհերի միավորման մասին բոլորս գիտեինք, խոսել էր վարչապետը, այնպես չէ, որ դրան կտրուկ դեմ էինք, որովհետև իրականում, այո՛, բուհեր կան մի քանի ուսանող ունեն, հարյուր ուսանող ունեն: Բայց այն բուհը, որը վերջին տարվա ընթացքում հանրապետությունում երրորդն է եղել դիմորդների քանակով, այն բուհը, որի ուսանողների թիվը վերջին 5 տարում 65 տոկոսով ավելացել է, ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ դա կլիներ»:

Ցոլակ Ակոպյանը ընդունում է, որ վերջին 15 տարիների ընթացքում նման խոսակցություններ եղել են, սակայն իրենք լուրջ չեն վերաբերվել դրանց. «Բայց երեկվա այդ նիստից հետո, երբ այդ խոսակցությունը եղավ, մենք փորձեցինք պարզել: Այո՛, պարզվում է՝ իրականում կա նման նախագիծ, որը բուհերում չի քննարկել մեր ժողովրդավար կառավարությունը, բուհերի հետ այդ հարցը բացարձակ չի քննարկվել: Եվ մենք էլ այսօր ուզում ենք հարցնել կառավարությանը՝ ի՞նչն է պատճառը, ի՞նչ տրամաբանությամբ եք դուք այս միավորումը անում: Իրենց հիմնական թեզը գիտենք՝ մանկավարժությունը փրկելն է, որ Մանկավարժական համալսարանը կարողանա լավ մասնագետներ պատրաստել: Իրականում, այդտեղ խնդիր կա երկրում, բայց չեմ կարծում, որ բուհերի միավորմամբ, նամանավանդ մի բուհի, որի 85 տոկոսը մանկավարժի որակավորում չի տալիս, 15 տոկոսն է ընդամենը մանկավարժ դառնում, միավորումով սահմանամերձ գյուղում ֆիզիկայի ուսուցիչ չենք բերելու կամ մաթեմատիկայի: Այսինքն՝ խնդիրը դրանով չի լուծվելու»:

Դեկանը նշում է, որ իր միակ պայքարը կրթության որակն է. «Չեմ ուզում շենքերի փոփոխության խոսակցության մեջ մտնել: Ես համոզված եմ, որ նման քաղաքականության արդյունքում մեր բարեփոխումը հաջող չի լինելու, և կրթությունը բացարձակ դրանով չի շահելու: Դեռ ավելին, կներեք արտահայտությունս, բարձրագույն կրթական համակարգում մենք հերթական բարտերն ենք վերածելու և անվերահսկելի մի իրավիճակ ենք ստեղծելու: Հուսամ՝ մեր հորդորները լսելու են, հուսամ մեր հետ բանակցելու են և այս քայլից հետ են կանգնելու: Ես լավատես եմ»:

Ցոլակ Ակոպյանը նշեց, որ նախարարությունից անձամբ չի ակնկալել նման որոշում. «Ես վստահ էի, որ քննարկվելու է մեր հետ, որովհետև ես չէի պատկերացնում, որ 21-րդ դարում կարող է բուհի ճակատագիր որոշվել, առանց բուհի կարծիքը հարցնելու: Անկեղծ չեմ հավատացել ու մինչև հիմա էլ լավատես եմ, կարծում եմ՝ հետ կկանգնեն այս քայլից, որովհետև իրականում որևէ հարց չլուծող խնդիր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Մարիա ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31