Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են պետբյուջեի միջոցներով պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները

Հոկտեմբեր 12,2022 17:02

Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված աշխատանքների շրջանակում տարվա սկզբից նախատեսված էր իրականացնել մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներ:

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման, Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման, ՀՀ Լոռու մարզի Քոբայր կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:

Հուշարձանների վերականգնման ծրագրում, որպես հրատապ անհրաժեշտություն, տարվա ընթացքում ավելացել են ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» (Անվերջության ժապավեն) հուշարձանի տարածքի լուսավորության ցանցի անցկացման և ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչները պարբերաբար այցեր են կատարել վերականգնվող հուշարձաններ՝ տեղում աշխատանքային խնդիրների քննարկման և ավարտվածության աստիճանի վերահսկման նպատակով:

Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղի (կառուցված 19-րդ դարի վերջում) վթարային վիճակը հաշվի առնելով` ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է շենքի վերականգնումը: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: Այս տարի նախատեսված է իրականացնել հողային, հիմքերի ուժեղացման և նոր պատերի կառուցման աշխատանքներ, որոնք մոտենում են ավարտին:

Քոբայրավանքի սեղանատուն
10-13-րդ դդ. հիմնադրված ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի հատվածում սեղանատան վերականգնման աշխատանքներն ընթանում են ծրագրին համաձայն: Չնայած բարձրադիր և դժվարամատչելի դիրքին` աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և կավարտեն 2023 թվականին:

Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցի և Լոռի բերդ ամրոցի պարիսպ

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման աշխատանքների իրականացման ընթացքում ծածկասալերի քանդման աշխատանքներից հետո առաջացել է լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն:

Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները մեկնարկել են ամռանը:

Վերոնշյալ բոլոր աշխատանքներն ընթանում են բնականոն հունով՝ համաձայն ժամանակացույցի, և ներկա պահին կատարված է աշխատանքների ամբողջ ծավալի մոտ 70 տոկոսը:

Ավարտված աշխատանքներ
ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման և ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» (Անվերջության ժապավեն) հուշարձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքներն ամբողջովին ավարտված են:

Վերականգնման և նորոգման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների լուծումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31