«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով նախադպրոցական կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներից, հիշեցրեց, որ 2020-22թթ համավարակով պայմանավորված՝ նախադպրոցական կրթության համակարգում վիճակը բարդ է եղել, եւ որոշակի սահմանափակումներով էր հնարավոր լինում նախադպրոցական տարիքի երեխաներին ընդգրկել համակարգ։
«Այնպես որ՝ վերջին երկու տարիները չեն արտացոլում համակարգի իրական հզորությունը, որովհետեւ արհեստականորեն սահմանափակված էր հաճախող երեխաների թիվը՝ կապված համավարակի կանոնները ապահովելու հետ»,-ասաց նա։
Փոխնախարարը դրա համար վկայակոչեց 2019թ ավարտի տվյալները, որոնք նրա ձեւակերպմամբ, չեն կրում նշված ազդեցությունները։ Ըստ այդմ՝ նախադպրոցական կրթության համակարգում առկա է 0-5 տարեկան երեխաների 34,7 տոկոս ընդգրկվածություն։ Քաղաքային բնակավայրերում այդ թիվը 39,6 տոկոս է, գյուղականում՝ 25,4։
Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ 2020 թ․ 6 տոկոսով աճել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններ՝ հասնելով ավելի քան 64 տոկոսի, քանի որ սկսել են գործել նախադպրոցական կրթություն տրամադրող եւս 22 հաստատություն։
Կարդացեք նաև
Նախարարի տեղակալի խոսքով, խնդիրը, սակայն, լիովին չի լուծվել, քանի որ ներկայումս 236 000 երեխա դեռեւս ընդգրկված չէ նախադպրոցական ծառայության մեջ, բայց կառավարության ծրագրով սահմանված է 85 տոկոսի հասցնել նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը մինչեւ 2026թ, իսկ ռազմավարությամբ՝ 90 տոկոս ընդգրկվածություն մինչեւ 2030թ։ Նա հավաստիացրեց, որ ավելի քան 90 մանկապարտեզում շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնցից 50-ում համարյա ավարտուն վիճակ է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ