Ինչպես տեղեկացնում է Աթենքի «Հայաստան» լրատու ցանցը, Հունաստանի խորհրդարանում 10 պատգամավոր ունեցող «Հունական լուծում» կուսակցությունը Հունաստանի խորհրդարանի նախագահին դիմել է առաջարկով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին բանախոսելու համար Հունաստանի խորհրդարան հրավիրել:
Պատգամավորական խմբի բոլոր անդամների կողմից դիմումը ստորագրել է կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը:
Ստորեւ դիմումը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մեծարգո պարոն նախագահ,
Կարդացեք նաև
Մեր երկրի հարաբերությունները համակրոն Հայաստանի հետ բարեկամական են եւ հավերժական: Մենք միաժամանակ երկու ժողովուրդ ենք, որոնք ենթարկվել են թուրքերի վայրագություններին:
Վերջերս մեր բարեկամ Հայաստանը կրկին հայտնվել է Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի հարձակման տակ:
Հիշեցնում ենք, որ Հունաստանի խորհրդարանը չափազանց զգայունություն ցուցաբերեց Ուկրաինայի հարցում եւ Ուկրաինայի նախագահ պարոն Զելենսկիին հրավիրեց ելույթ ունենալ խորհրդարանի պալատի լիագումար նիստում:
Ուստի դիմելով խորհրդարանի նախագահությանը խնդրում ենք, Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Խաչատրյանին համապատասխան կարգով հրավիրել Հունական խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալ:
«Հունական լուծում» կուսակցության նախագահ
եւ կուսակցության պատգամավորական խմբի անդամներ:
ԿԻՐԻԱԿՈՍ ՎԵԼՈՊՈՒԼՈՍ»
Հիշեցնենք, «Հունական լուծում» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին, լրագրող Կիրիակոս Վելոպուլոսի կողմից: Կիրիակոս Վելոպուլոսը ծնվել է Գերմանիայի Հեսսեն քաղաքում, 1965 թվականին, փոքրասիացի ծնողներից: 2018 թ. Եվրոպական ընտրություններում «Հունական լուծում»-ը ստացել է ձայների 4,18%-ը և ընտրել մեկ Եվրախորհրդարանի պատգամավոր: Նույն տարվա համապետական ընտրություններում հավաքել է 209.290 ձայն՝ (3,71%), և ստացել տասը պատգամավորական մանդատ: