Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է՝ սա է՞լ է թշնամու պատվերների մեջ մտնում»․ Բրյուսովի համալսարանի նախկին պրոռեկտոր

Հոկտեմբեր 12,2022 16:28

Հոկտեմբերի 12-ին լուր տարածվեց, որ Բրյուսովի անվան համալսարանը նախատեսվում է միավորել Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը, նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը նման գաղտնի նախագիծ է շրջանառում։

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցեց Բրյուսովի անվան համալսարան համալսարանի՝ գիտության եւ միջազգայնացման գծով նախկին պրոռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանի հետ։ Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բուհերի միավորումը ողջամիտ չի համարում։ «Լեզվահասարակագիտական եւ լեզվաբանական համալսարանը պետք է օգնի պետության կայացմանը, նպաստի այլ երկրների եւ նրանց լեզուների հետ ավելի սերտ համագործակցությունը եւ պլանավորի լեզվաքաղաքականությունը, որ այդ երկրի քաղաքականության ամենակարեւոր մասերից է։ Այսինքն՝ ո՞ր մակարդակի պետք է զարգանա տվյալ լեզուն, միայն հաղորդակցակա՞ն, թե՞ պետք է գործարար մակարդակի հասնի, կամ դիվանագիտական, ակադեմիական ակնկալիքներ ունենանք։ Գուցե այդ լեզվով ուզում ենք նաեւ կրթական ծրագիր անել, որ այդ երկրի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենանք»,-ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը։

Նրա ձեւակերպմամբ, ինքը կանխատեսում էր այս վիճակը․ «Այդպես էլ պետք է լիներ, երբ ֆիզիկոսը դառնում է լեզվաբանական համալսարանի ռեկտոր ու հետո բուհն է դարձնում՝ Բրյուսովի պետական համալսարան։ Ծրագրից հանվել է հնչյունաբանական առարկայի հատվածը, աղավաղել են կրթական ծրագրերը, մենք ստացել ենք այն, ինչ ստացել ենք։ Լեզվաբանական համալսարանը պետք է ղեկավարի լեզվաբան, որպեսզի կարողանա պետության հետ համապատասխան թեմայով խոսել եւ առաջ տանել ոչ թե միայն բուհի շահը, այլեւ պետության շահը»։

Լուսինե Ֆլջյանի խոսքով, շատ տխուր պատկեր կլինի, եթե Բրյուսովի պետական համալսարանը չլինի։ «Բրյուսովի համալսարանի յուրաքանչյուր ուսանող 4 կամ 5 օտար լեզու է սովորում։ Այսինքն` մենք կորցնում ենք ուսանողների մի ամբողջ սերունդ, որոնք ունեն մրցակցային առավելություն երկրի այլ ուսանողների հանդեպ, որովհետեւ ոչ մի բուհ 4-5 լեզու իմացող անհատ չի պատրաստում։ Միգուցե դա եւս թշնամու պատվերներից մեկն է՝ ոչնչացնել այն ամենը, ինչը ուժեղացնում է մեր երկիրը։ Ես չգիտեմ՝ կարող է սա է՞լ է Ալիեւի պատվերների մեջ մտնում՝ ոչնչացնել այն մարդկանց, որոնք կարող են դրական փոփոխություններ բերել երկրին։ Ամեն դեպքում, ես ունեմ հիմնավոր կասկած, քանի որ այն ամենը, ինչ մեր երկրում ավանդույթի վրա է հիմնված, հիմնահատակ ոչնչացվում է։ Մտածում եմ, որ Բրյուսովի համալսարանը այդ նախագծի մի մասն է»,- Aravot.am-ին ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Լուսինե Ֆլջյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31