Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ անձանց քրեական հետապնդում հնարավոր չեղավ իրականացնել, որովհետեւ Վահագն Հովակիմյանը «copy-paste»-ից կորցրել էր դա». Իոաննիսյանը՝ Հովակիմյանի անփույթ աշխատանքի մասին

Հոկտեմբեր 12,2022 16:07

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն իր թիմակիցներին՝ արդեն նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանին եւ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանին այսպես ասած գործուղեց ԿԸՀ եւ ԲԴԽ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» «ԿԸՀ, ԲԴԽ նախագահների ընտրության քաղաքական պատճառներն ու հետեւանքները» թեմայով քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ՔՊ-ն մինչեւ 2020-ի պատերազմը սխալ կադրային քաղաքականություն էր վարում ու այդ կադրերը դուրս եկան իր դեմ, հիմա նորից սխալ եզրահանգման է եկել ու պաշտոնների նշանակում է ոչ թե արժեքային համակարգով, այլ՝ արդեն հավատարմությամբ. «Կարող է լինել կոռուպցիոն հանցագործ, քրեական հեղինակություն, թաղային հեղինակություն, բայց կարեւորը՝ հավատարմության երդում տա: Անձնական որակները, մասնագիտական պատրաստվածությունն անցավ երկրորդ պլան: Եթե մենք խոսում ենք այնպիսի պաշտոնների մասին, ինչպիսին նախարարն է, նորմալ է, որ լինի քաղաքական թիմից ու լինի քաղաքական գործիչ: Բայց երբ մենք խոսում ենք անկախ մարմինների մասին, ինչպիսին են ԿԸՀ-ն, ԲԴԽ-ն, առհասարակ դատական ատյանները, այստեղ բավականին խնդիր կա: Է՛լ ավելի մեծ է խնդիրը ԿԸՀ մասով, որովհետեւ ԿԸՀ-ն մի մարմին է, որը արբիտր է կուսակցությունների մրցապայքարի: Այն պիտի ապահովի, որ այդ մրցակցությունը լինի ազնիվ, խաղի կանոններով, եթե կուսակցություններից մեկը խախտի, պիտի կարողանա քայլեր ձեռնարկել դրա դեմ, մրցապայքարից հանել: Դժվար է բառեր գտնել՝ նկարագրելու սա՝ անհեթեթություն է: Չի կարող մի մարդ, ով իր համարյա ամբողջ կարիերան անցկացրել է Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ տասնամյակներով՝ թերթը, ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել, ԿԸՀ-ում ՔՊ-ի ներկայացուցիչ է եղել, ինքը հիմա լինի ընտրությունների ժամանակ արբիտր: Պատկերացնո՞ւմ եք եթե մենք՝ որպես դիտորդներ, խախտում գտնենք, գնալու ենք լուրջ դեմքով Վահագն Հովակիմյանին ասենք՝ ՔՊ-ին պատժիր, որովհետեւ խախտո՞ւմ է անում: Հասարակությունը կծիծաղի, կասի՝ հա բա, Վահագն Հովակիմյանն էլ պատժեց ՔՊ-ին, բա չպատժե՞ր: Նույնիսկ եթե Վահագն Հովակիմյանը լինի ամենաանաչառը, ՔՊ-ից դուրս գա ոչ միայն ձեւով, այլ նաեւ բովանդակությամբ, միեւնույն է, ընտրությունների արդյունքները միշտ կասկածի տակ կդրվեն: Եթե հավասարությունը չի հավատում, որ ընտրությունների արդյունքները ազնիվ են, ապա անում է այն, ինչ անում էր 2017-ին, օրինակ, ընտրակաշառք է վերցնում: Իսկ ընտրությունների նկատմամբ վստահությունը շատ կարեւոր է»:

Իոաննիսյանը նաեւ նշեց, որ ի պատիվ Տիգրան Մուկուչյանի, Հայաստանում ընտրությունները միշտ եղել են լավ կազմակերպված: Դա արձանագրել են նաեւ միջազգային դիտորդները, կազմակերպչական «կիքսեր» չեն եղել. «Ես հիմա խիստ կասկածում եմ, որ մենք կկորցնենք նույնիսկ այդ ձեռքբերումը: Այսինքն, ոչ միայն ԿԸՀ-ն չդարձավ բովանդակապես անկախ մարմին, այլ նաեւ գոնե որպես լավ կազմակերպիչ՝ մենք նույնիսկ այդպիսին ԿԸՀ-ն կկորցնենք: Որովհետեւ Վահագն Հովակիմյանը, մի մասը հանրությունը գիտի, մի մասը՝ չգիտի, թե ինչպես է տարբեր կազմակերպչական «կիքսեր» թույլ տվել»:

Իոաննիսյանը Վահագն Հովակիմյանի անփույթ աշխատանքի մի օրինակ մատնանշեց, թե ինչպես չի կարողացել անգամ բարեհաջող «copy-paste» անել. «Երբ որ անցյալ տարվա գարնանը քաղհասարակությունը քննարկել էր նախագիծը Քրեական օրենսգրքի՝ ընտրական հանցագործությունների հետ կապված, Վահագն Հովակիմյանն էր դա շրջանառել եւ «copy-paste» անելուց հաջողացրել էր ինչ-որ բաներ կորցնել ու դրա արդյունքում ընտրական հանցագործություն կատարած որոշ անձանց քրեական հետապնդում հնարավոր չեղավ իրականացնել, որովհետեւ Վահագն Հովակիմյանը «copy-paste»-ից կորցրել էր դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31