«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճը ցավալի է»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Իռլանդիայի եվրոպական հարցերով պետնախարար Թոմաս Բիրնը։
ԵԽԽՎ-ն քննարկում է Թուրքիայի կողմից հանձնառությունների կատարման հարցը։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, բարձրաձայնելով սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի և դրա հետևանքների մասին, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահին հիշեցրեց՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Իռլանդիան իր մտահոգությունն էր հայտնել Ադրբեջանի հարձակման վերաբերյալ և կոչ արել, որ Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից ու հարցրեց․ «Ի՞նչ քայլեր է ձեռնարկել իռլանդական նախագահությունը այս հարցով»։
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը պատասխանեց․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճը ցավալի է: Ռազմական ուժերի կիրառումը բացարձակապես անընդունելի է մեր կազմակերպության անդամ երկրների միջև վեճերը լուծելու համար։ Ես իսկապես ուրախ եմ, որ վերջին հանդիպումները տեղի են ունեցել ամենաբարձր մակարդակով, և հուսով եմ, որ կողմերը շուտով համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ։ Սեպտեմբերի սկզբին Իռլանդիայի նախագահության հետ մենք միացանք ԵԽԽՎ նախագահ պարոն Թինի Քոքսի կոչին և համատեղ կոչ արեցինք Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ խաղաղ բանակցություններ վարել: Եվրոպայի խորհուրդը պետք է դերակատարություն ունենա երկարատև խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծման գործում, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով: Այժմ, անդամակցելով Եվրոպայի խորհրդին, Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել են գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը, և կարևոր է, որ յուրաքանչյուր երկիր գործի ստանձնած պարտավորությունների համաձայն»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ