Հոկտեմբերի 12-ին տարածվեց նորություն, որ նախատեսվում է միավորել Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ:
Բուհի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարևոր որոշումների թաքուն ընդունումը։ Ի դեպ՝ երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր Ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները ՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը։ Մեկ է չեք կարողանալու մեկ որոշմամբ վերացնել 90-ամյա ավանդույթ ունեցող բուհը»։
Լուրերը տարածվելուց հետո համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և հավաքվել են համալսարանի բակում:
Կարդացեք նաև
Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը հանդիպել է ուսանողներին և ներկայացրել իրավիճակը՝ բացատրելով, որ բուհերի խոշորացման գործընթաց է լինելու։
«Երևի դուք լսել եք, որ Հայաստանում պատրաստվում է պետական բուհերի խոշորացում: Դրա մասին նաև հանրապետության վարչապետն է ելույթ ունեցել սեպտեմբերի 1-ին, հայտարարել, որ 16 պետական բուհերից նախատեսվում է, որ պետք է մնա առնվազն 8-ը: Նաև արդեն գոյություն ունի մինչև 2030 թվականի կրթության զարգացման ծրագիրը, որտեղ ևս ամրագրված է, որ մեր երկրում պետք է մնա առնվազն 8 պետական բուհ: Նաև պատրաստված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծ, որում ևս այդ դրույթը ամրագրված է: Եվ միավորվելու կարգով առնվազն 8 համալսարան պետք է դադարեցնի իր գործունեությունը և միանա այլ համալսարանների: Եվ այդ ծրագրերի մեջ կա նաև Բրյուսովի անվան պետական համալսարանը»:
Կարինե Հարությունյանը ուսանողներին պարզաբանեց, որ իրենց հարցերը մնացել են անպատասխան. «Մենք, ճիշտն ասած, սպասում էինք, թե երբ կլինի այդ նախագիծը և այդ հարցերի պատասխանները՝ կոնկրետ որ համալսարանը որ համալսարանի հետ է միավորվում ինչո՞ւ, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ հիմնավորմամբ: Եվ երեկ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ մեր համալսարանի հարցը քննարկվել է, որից հետո մենք տեղեկացել ենք, որ առաջնահերթ խոշորացման ծրագրում է Բրյուսովի անվան համալսարանը: Երեկ ենք դրա մասին իմացել: Եվ երեկ ենք իմացել, որ պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով Ֆիզկուլտ ինստիտուտը և Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ: Այդ առումով, այդ բողոքի ալիքը, թե՛ աշխատակազմի, թե՛ դասախոսների, թե՛ ուսանողության, այդ լուրի տարածումից հետո է եղել: Եվ մենք էլ դրա մասին իմացել ենք, որ նախագիծ կա, արդեն շրջանառված է, երեկ»:
Կարինե Հարությունյանը շեշտեց, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը 90 տարվա պատմություն ունի և իր ուրույն դիրքն ունի Հայաստանի կրթական համակարգում. «Համալսարանը մեծ հեղինակություն է վայելում: Եվ մենք չենք ցանկանում, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորվի որևիցե այլ համալսարանի հետ որևէ սցենարով: Մենք արտահայտում ենք բոլորի կարծիքը՝ և՛ ուսանողության, և՛ դասախոսության: Բոլորս այս հարցում միակարծիք ենք: Այս հարցը պետք է բարձրաձայնենք և քննարկենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ