Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ վստահել մի հարևանի, որը չի գիտակցում, թե ինչ է արել անցյալում և խելամիտ եզրահանգումներ չի կատարում իր ներկայիս քաղաքականության մեջ. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 12,2022 14:45

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի տելեգրամյան գրառումը

Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ ս.թ. հոկտեմբերի 12-ին կայացած «Թուրքիայի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ

Պարոն նախագահ,
Այս վեհաժողովում շատ երկրներ կվկայեն, որ առնվազն անհարթ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։ Նրանցից ոմանք հույս ունեին, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի արդյունքում Թուրքիան կսկսեր ապրել եվրոպական խաղի կանոններով։ Բայց այդ հեռանկարը, ամենայն հավանականությամբ, հօդս է ցնդել։ Թուրքիան ինքն է մերժել այս ուղին, որպեսզի մուսուլմանական աշխարհի և ավելի լայն տարածաշրջանի առաջնորդ դառնալու սեփական հավակնություններին հասնի առանց որևէ արտաքին պարտավորությունների կամ հանձնառությունների:

Նախկինում եղել եմ հայկական երկու վարչակազմերի անդամ, որոնք փորձել են նոր հարաբերությունների շուրջ բանակցություններ վարել Թուրքիայի հետ։ Նախորդ բոլոր դեպքերում, չնայած միջազգային աջակցությանը կամ ճնշումներին, ինչ-որ պահի Թուրքիան միշտ առաջ է քաշել նախապայմանների լեզուն՝ խարխլելով ողջ գործընթացը։

Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի մերժում է բացել Հայաստանի հետ սահմանները։ Ոչ էլ երբևէ թաքցրել է իր քաղաքական, ռազմական և այլ աջակցությունն ու հովանավորությունն Ադրբեջանին՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ։ Թուրքիան և նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանը ձգտում են հիմնովին փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը, կառուցել տարածաշրջանային անվտանգության և կայունության նոր ճարտարապետություն՝ թյուրքական աշխարհի լիիրավ գերիշխանությամբ և հնարավորինս չեզոքացնելով այսպես կոչված հայկական հարցը։ Միևնույն ժամանակ թուրքական գործոնը նաև Եվրոպական շատ երկրների համար լուրջ ներքաղաքական մարտահրավեր է դարձել։

Այս օրերին մենք ականատես ենք հայ-թուրքական նոր երկխոսության, և պետք է հիշել՝ անարդար խաղաղությունը միշտ երերուն է։ Մտահոգություններ կան, որ նման երկխոսությունը կրկին կդառնա Թուրքիայի գերիշխանության ցուցադրությունը, որտեղ նա կվերափոխի տարածաշրջանը՝ յուրաքանչյուր ազգի համար դերերի իր ընկալմամբ:

Հարգելի’ գործընկերներ,
Վերջերս Ստրասբուրգում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս մեկ անգամ պահանջներ է ներկայացրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին: Նա հակահայկական հռետորաբանության թարմ օրինակ ցույց տվեց՝ կոչ անելով ժողովրդավարական Ֆրանսիայում թուրքական էթնիկ համայնքին ընդդիմանալ ֆրանսահայերին, մարդկանց, ովքեր վերջին 100 տարում միայն մեծարել և էապես նպաստել են ողջ ժողովրդավարական և ազատ Եվրոպայի զարգացմանը։ Ահա թե ինչու եմ ուզում, որ բոլորն իմանան՝ ոչ միայն հայկական սփյուռքում, այլև Հայաստանում մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ վստահել մի հարևանի, որը չի գիտակցում, թե ինչ է արել անցյալում և խելամիտ եզրահանգումներ չի կատարում իր ներկայիս քաղաքականության մեջ, հարևան, որը նախընտրում է էթնոկրոնական տրամադրություններն ու առաջնահերթությունները տարածաշրջանային հարաբերություններում:

Պարոն նախագահ,
Չեմ հավատում, որ մեր կազմակերպությունը կամ եվրոպական արժեքների վրա հիմնված որևէ կազմակերպություն պետք է թույլ տա Թուրքիային սպասարկել իր կարճաժամկետ շահերը՝ զոհաբերելով երկարաժամկետ եվրոպական վստահությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31