Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում ատելության խոսքը շարունակում է ներգործող լինել». Ֆաթմա Յավուզը՝ հայ-թուրքական հարաբերություների կարգավորման մասին. Ermenihaber

Հոկտեմբեր 12,2022 14:18

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնում հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։ Այս անգամ մեր զրուցակիցը ծագումով հայ աստվածաբան, գրող և ակտիվիստ Ֆաթմա Յավուզն է։

Ֆաթմա Յավուզը ծնվել է 1979թ. Ստամբուլի Ուսքյուդար (պատմ. Սկյութար) թաղամասում։ Ծագումով հայ է։ Յավուզը շուրջ 14 տարի զբաղվել է Ղուրանի դասավանդմամբ։ Որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայի կրոնական գործերի վարչությունում և Ստամբուլի քաղաքապետարանում։ 

Նա հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և իշխանությունների հասցեին հնչեցրած սուր քննադատություններով։ Յավուզի սոցցանցային գրառումները հաճախ են կոշտ արձագանքի արժանանում թուրքական հասարակության կողմից։ 

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

– Այս փուլում, ցավոք, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացն իրատեսական չեմ համարում։ Հուսով եմ՝ կսխալվեմ և կարգավորման ճանապարհին թեև քիչ, բայց առաջընթաց կգրանցենք։ Իրատեսական չհամարելու պատճառն այն է, որ ես երկու տարի է, ինչ կոնկրետ առաջընթաց չեմ տեսնում, և որ Թուրքիայի հասարակությանը դրան նախապատրաստելու համար ոչ աշխատանք չի տարվում։ Ընդհակառակը, ատելության խոսքը դեռևս շարունակում է ներգործող լինել։

– Պրահայում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի դեմ առ դեմ 1-ին հանդիպումը։ Ինչպե՞ս եք գնահատում այն։ 

– Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի և Թայիփ Էրդողանի հանդիպումը բովանդակալից էր, սակայն Թուրքիայում ընթացող ընտրական գործընթացը խոչընդոտ է հանդիսանալու այս պահին առողջ ու մնայուն քայլեր իրականացնելու համար։

– Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել է նաև սահմանների բացման հարցը։ Առաջիկայում հավանական համարու՞մ եք սահմանների բացումը և  ինչպիսի ազդեցություն կունենան երկու ժողովուրդների վրա, եթե բացվեն սահմանները։ 

– Չեմ կարծում, որ մոտ ապագայում սահմանները կբացվեն, քանի որ թուրքական հանրության շրջանում դեռևս չկա դրա հանրային արձագանքը։ Անշուշտ, եթե բացվեն սահմանները, հիանալի զարգացում կլինի և երկու ժողովուրդներն էլ իրենց միջև առկա կոնկրետ խոչընդոտներից կազատվեն։ Իսկ դա թերևս ամենից կարևորն է։ Հուսամ մենք կտեսնենք այդ օրը։ Ճիշտ է, դա մոտ ապագայում չի լինի, բայց հուսամ գոնե ողջամիտ ժամկետում կլինի։

– Երևանում հանդիպելու են Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները։ Ըստ Ձեզ՝ Թուրքիայից բարձրաստիճան այրերի այց սպասվու՞մ է։ Հավանական համարու՞մ եք ֆուտբոլային դիվանագիտության «2-րդ եթերաշրջանը»։ 

– Ես հավատում եմ սպորտի համախմբող ուժին։ Դա կարող է  բարձրաստիճան անձանց այցերի համար նպաստող հանգամանք ծառայել։ Այս տեսանկյունից բարձրաստիճան այցերն անակնկալ չեն։ Իհարկե, ֆանատիզմը երբեմն կարող է հակադարձել սպորտի միավորող ազդեցությանը, բայց լիահույս եմ, որ մենք ականատես կլինենք դիտարժան ֆուտբոլային հանդիպման՝ առանց որևէ տհաճ բան ապրելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31