«Հայաստանը գտնվում է պատմականորեն ամենածանր վիճակներից մեկում, երբ մեր պետական շահերը միջազգային օրակարգում ներառված չեն։ Դա պայմանավորված է նրանով, որ մեր երկրում 2018 թվականին իրականացված թավշյա իշխանափոխությունը բոլորովին այլ նպատակ է ունեցել, մեր իշխանություններն այսօր արտաքին քաղաքականություն չեն իրականացնում, աշխարհաքաղաքական սուբյեկտներն իրենց նպատակներին հասնում են Հայաստանի հաշվին։ Այս ամենն իրականանում է հայ ժողովրդի լռության ներքո»,- այս մասին այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ ռազմաքաղաքական իրավիճակը նույնպես շարունակում է մնալ գերլարված, ամեն պահի կա ոտնձգությունների հնարավորություն։
«Վերջերս լրատվամիջոցները բացահայտեցին եռակողմ բանակցված մի թուղթ, որը եղել էր ԱՄՆ նախագահի խորհրդականի միջնորդությամբ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածի, Ադրբեջանի նախագահի խորհրդական կոչվածի միջև։ Դրանով ասված է, որ կողմերը պարտավորվում են խաղաղության պայմանագիր կնքել մինչև տարեվերջ, և առաջին կարևոր հարցն այն է, թե ինչով է պայմանավորված նման շտապողականությունը։ Անկախության տարիներին հնարավոր է եղել Մինսկի խմբի ձևաչափով ապահովել, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտություն չունենա։ Ակնհայտ է, որ հիմա սա արվում է բացառապես այն նպատակով, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից և տեղավորվի Հայաստանի տիրույթում»,- ասաց Զաքարյանը։
Նախկին պատգամավորը հավաստիացնում է, որ ռիսկային է այս հայտարարությունը, քանզի պարզ չէ, թե ինչ մարմին է իրականացնելու սահմանների գծումը, ինչու են կրկին շտապելու, որ ավարտեն մինչև տարեվերջ։ Նրա պնդմամբ 2018 թվականից Հայաստանում իշխանության է եկել պատերազմի իշխանությունը, որի վարած ցանկացած բանակցություն ի վերջո ծնում է ռազմական բախում։
«Ստեղ են ասել’ որտեղից ուր հասանք. ժամանակին Ալիևը հայտարարում էր, որ իրեն ստիպում են հրաժարվել Ղարաբաղից և ճանաչել անկախությունը, իսկ հիմա մենք պետք է խնդրենք, որ Ադրբեջանի կառավարությունը Վաշինգտոնում բանակցի, հետո ամերիկացիներն այդ բանակցությունները հայ ժողովրդի վրա վաճառեն որպես բարի կամք, մեր կապիտուլյանտներն էլ գան ներսում իրենց դավաճանությունը վաճառեն որպես բարի գործ և անունը դնեն, որ զբաղվում էին Արցախի ժողովրդի անվտանգության հարցով։ Ակնհայտ է, որ եթե հայտարարությամբ պարտավորվել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ քննարկել Արցախի ժողովրդի անվտանգության հարցերը, ապա սա նշանակում է, որ հրաժարվել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից»,- ասաց Զաքարյանը։
Կարդացեք նաև
Պաշտպանության նախկին նախարարը հավաստիացնում է, որ Ադրբեջանն անմիջապես անցնելու է Արցախի հայաթափման խնդրին և կձգտի, որ 2025 թվականից հետո ռուսական խաղաղապահների առաքելության ժամկետը չերկարաձգվի։ Զաքարյանը կարծում է, որ ԱՄՆ-ն և Ադրբեջանը կոմպրոմիսի են եկել Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, որի դիմաց Ադրբեջանը ստանում է գազի վաճառք, Արցախի հարցի նպաստավոր լուծում և երաշխիք, որ Ալիևի կառավարությունն իշխանափոխ չի լինի։
«Հայտարարությամբ ասվում է, որ պետք է վերադարձվեն ձերբակալված անձինք։ Հիմա տեսեք, ադրբեջանցիները սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածք են մուտք գործել, զինծառայողների են գերեվարել, ոչ մեկը չի գնացել իրենց տարածք մտել, որ ձերբակալեին, իսկ հայտարարության մեջ չկա ոչ մի խոսք օկուպացիայի մասին։ Այսինքն, իրավունք ունեին մտնեին, ձերբակալեին, հիմա էլ պարտավորվում են վերադարձնել։ Ակնհայտ է, որ այս ճանապարհով մենք ստանալու ենք ևս մեկ կապիտուլյացիա»,- հայտարարեց նախկին պատգամավորը։
Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ Հայաստանն աշխարհին հետաքրքիր է չորս պատճառով, որոնք են Արցախը, Սյունիքը, ցեղասպանության հարցը, ատոմակայանը։ Նա զգուշացրեց, որ Հայաստանից վերցնում են առաջին երեքը, ինչի պատճառով չորրորդի անհրաժեշտություն չի մնա. «Գալու են ասեն՝ ատոմակայանն ինչներիդ է պետք, մեկուկես միլիոն ժողովուրդ եք, գեսերով ու հէկերով յոլա գնացեք, իսկ ատոմակայանը մեզ միայն էներգիայի համար չի պետք»,- ասաց նա։
Զաքարյանը հայտնեց, որ 1991 թվականի քարտեզներին և Ալմա Աթայի հռչակագրին հղում անելով՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի տապալումը «գցում է Լևոն Տեր-Պետրոսյանի գրպանը»։
«Ցավոք, այս պահին ոչ մի լավ լուր չկա, սակայն իրավիճակից ելքեր կան, դրանք նույնիսկ մի քանիսն են։ Բոլոր լուծումները սկսում են այս իշխանություններին հեռացնելուց, կլինի խորհրդարանով թե փողոցով։ Հակառակ դեպքում, պիտի նստենք ու սպասենք մեր վերջին»,- ամփոփեց Զաքարյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ