Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր, կարելի է ասել, ժողովրդավարության մի փոքրիկ տոն էր ու անհասկանալի է, ինչու չի մասնակցում ՔՊ-ն, որն ԱԺ ընդդիմությանը մեղադրում է բոյկոտելու համար». Լեւոն Զուրաբյան

Հոկտեմբեր 12,2022 13:13

Այսօր Ալավերդի միավորված համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստն էր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 47 տոկոս ձայն, «Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել էր ընտրողների 49 տոկոսը: «Հայ ազգային կոնգրեսն» ու «Հայ Յեղափոխական դաշնակցության» կուսակցությունները ստացել էին 2-ական տոկոս ձայներ: «Ապրելու երկիրն» ու ՀԱԿ-ը հանդես եկան հայտարարությամբ, որ պատրաստվում են համագործակցել համայնքի կառավարման հարցում ու համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին:

Տեղեկություն կար, որ ՔՊ-ն փորձում է ճնշումներ գործադրել «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք ավագանու այս անդրանիկ նիստին կա՛մ չներկայանան, կա՛մ էլ այլ դիրքորոշում ցուցաբերեն, որպեսզի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն չընտրվի քաղաքապետ:

Այնուամենայնիվ, չնայած մտահոգություններին ու hոռետեսական սպասումներին, նիստը կայացավ, քվորում եղավ: Միայն ՔՊ-ական ավագանու անդամները չէին եկել:

Նիստի ժամանակ իր ելույթում Արկադի Թամազյանը հույս հայտնեց, որ 3 կուսակցությունները կունենան համատեղ բեղմնավոր աշխատանք՝ հանուն համայնքի զարգացման. «Ես պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ մեր ավագանուց, ինչպես նաեւ ցանկացած կուսակցական կամ ոչ կուսակցական մարդկանց հետ, ովքեր կցանկանան համայնքի համար իրենց փոքրիկ ներդրումն ունենալ: Հուսով եմ ՔՊ-ի ավագանու անդամները հետագայում կմասնակցեն նիստերին ու ժողովրդի տված քվեն չեն թողնի, թույլ չեն տա, որ ժողովուրդը հիասթափություն ապրի»:

Բաց քվեարկությամբ Արկադի Թամազյանն ընտրվեց համայնքի ղեկավար: Ընտրվելուց հետո հայտարարվեց, որ հոկտեմբերի 19-ին տեղի կունենա երդման արարողությունը: Արկադի Թամազյանն ասաց, որ համայնքապետարանի ներկա աշխատակազմն աշխատանքից չի ազատվելու, ծանուցումներ է ստանալու ու շարունակելու է առայժմ աշխատել:

Նիստին մասնակցում էր ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Նա հայտարարեց. «Այսօր, կարելի է ասել, ժողովրդավարության մի փոքրիկ տոն էր ու ինձ համար մի քիչ անհասկանալի է՝ ժողովրդավարության այս տոնակատարությանը ինչու չի մասնակցում մի կուսակցություն, որը արձանագրում է ժողովրդավարության մասին եւ ԱԺ ընդդիմությանը մեղադրում է բոյկոտելու համար: Սա ինձ համար մի քիչ անհասկանալի է, որովհետեւ եթե ժողովրդավարության սկզբունքները հարգում ես, բարի եղիր հարգիր ժողովրդի կամքը; Հուսով եմ, այդ մոտեցումը շատ կարճատեւ կլինի, ավագանու անդամները պատասխանատու են իրենց ընտրողների առջեւ ու պետք է գան»:

Նա հայտարարեց, որ Արկադի Թամազյանին ընտրելով՝ առաջնորդվել են բացառապես համայնքի շահով. «Մեզ համար շատ կարեւոր էր ընտրել այն մարդուն, որն ամենամեծ օգուտը կարող էր բերել համայնքի աշխատանքների համար: Ձեզանից ոչ ոք թող չմտածի հանկարծ, որ կարող է մեն մենակ հաջողի, ինչքան էլ հզոր ինտելեկտի, կազմակերպչական կարողությունների տեր լինեք, զրո կլինի ձեր ձայնը, աշխատանքը եթե դուք բոլորդ չհամախմբեք ու չզգաք ձեզ մի թիմ: Ոչ մի խտրականություն չպետք է լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31