Սիսիանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավարի համար առաջադրվեցին երեք թեկնածուներ․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունից Սեւակ Մուսաթյանը, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքից Հայկ Առաքելյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արմեն Հակոբջանյանը։ Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության 4 անդամները չեն մասնակցում նիստին։
Սեւակ Մուսաթյանը կոչ արեց «Քաղաքացիական պայմանագրի» իր գործընկերներին քվեարկել իր օգտին։ «Մի կողմ դնենք անձնականը ու մտածենք Սիսիանի մասին։ Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավել եւս Ռոբերտ Քոչարյանը չի գալու ղեկավարի մեր համայնքը։ Վաղը պիտի կարողանանք իրար երեսի նայել»,-ասաց նա։
Հայկ Առաքելյանը իր խոսքում նշեց, որ համայնքը զարգացնելու ծրագրի մասին խոսել է նախընտրական քարոզարշավի օրերին։ «Եվ եթե հարցեր ունեք՝ պատրաստ եմ պատասխանել»,-ասաց նա։
Արմեն Հակոբջանյանի խոսքով էլ՝ պատրաստ է ստանձնել համայնքապետի պաշտոնն ու շարունակել իր զարգացման ծրագիրը։
Կարդացեք նաև
Քվեարկության արդյունքում 8 ձայն ստացավ Արմեն Հակոբջանյանը, 7 քվե Հայկ Առաքելյանը։ Նիստի ժամանակ, երբ ամփոփում էին քվեարկության առաջին փուլը, նիստը վարող Նախշուն Յազովյանը հայտարարեց, որ Սեւակ Մուսաթյանը ստացել է երեք ձայն, ու նրա օգտին քվեարկել է «Քաղաքացիական պայմանագրից» Հովսեփ Առաքելյանը։ Վերջինս վախեցած տեղից արձագանքեց՝ խնդրելով ճիշտ նայել քվեաթերթիկը։ Պարզվեց՝ նա քվեարկել էր կառավարող ուժի ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանի օգտին։
Այս պահին նիստում երկրորդ քվեարկությունն է՝ առավելագույն ձայներ հավաքած Արմեն Հակոբջանյանի ու Հայկ Առաքելյանի միջեւ։
Երբ արդեն պատրաստ էին քվեաթերթիկները, Սեւակ Մուսաթյանը հայտարարեց, որ ինքը հարցեր ունի թեկնածուներին։ Սեւակ Մուսաթյանը Հայկ Առաքելյանին հարցրեց, թե արդյոք կապ ունի Ռոբերտ Քոչարյանի կամ Վահե Հակոբյանի հետ։ «Ոչ, կապ չունեմ ձեր նշված մարդկանց հետ։ Համայնքի ղեկավար ընտրվելու դեպքում էլ կապ չեմ ունենա»,-ասաց Հայկ Առաքելյանը։
Քվեարկության արդյունքներով Արմեն Հակոբջանյանը ստացավ 9 կողմ, Հայկ Առաքելյանը՝ 7 կողմ։ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» ավագանու անդամը քվեարկեց կառավարող ուժի օգտին։ Արմեն Հակոբջանյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Նախշուն Յազովյանին, որի քվեով կառավարող ուժը ստանձնեց Սիսիանի կառավարումը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ