Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու Լուսագյուղի տեղը գիտե՞ս, այս ընտանիքի վիշտը կիսե՞լ ես»․ անհետ կորած զինվորի հարազատը՝ համայնքապետին

Հոկտեմբեր 12,2022 11:49

Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչներն այսօր փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքների վրա հարձակման ժամանակ անհետ կորել է նրանց համագյուղացի Թորոսյանների որդին՝ Վահեն։ Մինչեւ հիմա լուր չունեն, բայց հարձակման օրերին կարողացել են իմանալ, որ տղան վիրավոր է։ Ավելին՝ նա ծառայակցին հայտնել է իր գտնվելու կոնկրետ վայրը, սակայն, հարազատների պնդմամբ, ՊՆ-ն քայլեր չի ձեռնարկում։

Որոշ ժամանակ անց ծնողներին կանչեցին Արմավիրի մարզպետարան։ Հարազատներն ու համագյուղացիները հրաժարվեցին ճանապարհից հեռացնել իրենց մեքենաները, քանի դեռ հստակ պատասխան չեն լսել։ Բնակիչներին վրդովվեցրեց խոշորացված համայնքի ղեկավարի ներկայությունը․

-Կարապետյան Սարոն մեր համայնքի վարչական ղեկավարն է։ Ամեն օր էլ գալիս է։ Իսկ դուք, որպես համայնքի ղեկավար, ինչո՞ւ չեք ապահովում համայնքի ներկայությունը՝ մի օր այս մարդու վիշտը կիսելու համար։ Այսօր իմացել եք, որ ճանապարհ ենք փակելու, դրա համար եկել եք, որ տնից տանեք մարզպետարա՞ն։ Մի ամիս ո՞ւր էիք բա,-հարցրեց նրան տղամարդկանցից մեկը։

-Մի րոպե, մի հատ ծնողին կհարցնեք՝ քանի՞ օր եմ ուզել իր հետ հանդիպել,-հնչեց պատասխանը։

-Ուզել ես, ինքն էլ խուսափե՞լ է։ Դու, որպես համայնքի ղեկավար, ընդհանրապես գոնե Լուսագյուղի տեղը գիտե՞ս։

-Ի՞նչ ասեմ։

-Բան պետք է ունենաս ասելու, որ կարողանաս ասել։

-Ես շատ բան ունեմ ասելու։ Այդպես չի կարելի խոսել։

-Կարելի է։

-Դու շատ վրդովված ես քո հարկերի համար։

-Ուրիշ բաներ մի ասա, ուրիշ բաների հետ մի կապի։

Ավելի ուշ Վահե Թորոսյանի հայրը՝ Արամ Թորոսյանը լրագրողներին հայտնեց, որ իրեն կանչել են մարզպետարան, հանդիպել է մարզպետի հետ․ «Նույն բանն են ասում։ Ամսի 16-ից նույնն են կրկնում։ Չի կարելի, ծնող ենք։ Իրենք ծնող չե՞ն։ Ավելորդություննե՞ր են ուզում։ Ասում են, թե զբաղվում են, հետաքրքրվում են։ Որեւէ ծնողի նման պատասխանը կբավարարի՞»։

Օրերս հարազատները ՊՆ-ի դիմաց բողոքի ցույց էին անում․ նախարարությունից արձագանքել են, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մտնել եւ որոնողական աշխատանքներ անել իր օկուպացրած տարածքներում։ Հարազատներն այսօր ասում էին, որ նախարարությունից խնդրել էին եւս երկու օր տալ․ տվեցին, համբերության բաժակը լցվել է, անգամ կտրուկ քայլերի են դիմելու։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31