Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձեւի նախագծում նշված «ՀՀ պաշտպանունակության հզորացում»-ը՝ սպառազինության տրամադրո՞ւմ, ԶՈւ-ի վերապատրաստման առաջարկությո՞ւն, ինչպես դա արվում է Արևմուտքի կողմից Ուկրաինայում. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 12,2022 12:04

Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է բանաձեւի նախագիծ՝ ուղղված երկրի կառավարությանը: Դրանում կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ պահանջել նրա ուժերի անհապաղ դուրսբերումը Հայաստանի տարածքից, ապահովել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագիրը եւ նպաստել երկու երկրների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության: Ըստ բանաձեւի նախագծի՝ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի հարավային ու հարավարեւելյան շրջաններում ադրբեջանական զինուժի կրկնվող ագրեսիան այդ պետության ինքնիշխանության եւ երկու կողմերի միջեւ կնքված զինադադարի համաձայնագրերի խախտում է: Բանաձեւի նախագծի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 15-ին։

Կարեւոր է արձանագրել, որ Սենատի քննարկմանը ներկայացվելիք բանաձեւի նախագծում հղում է կատարված 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին թիվ 26 (2020-2021) բանաձեւին։ Ի դեպ, Ֆրանսիայի Ազգային ժողովը եւս (188 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ) ընդունել էր Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությանը վերաբերող բանաձեւ։ Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան դատապարտող, Արցախի Հանրապետության անկախությանը եւ նրա բնակիչների անքակտելի իրավունքները սատարող շուրջ 150 բանաձեւեր եւ հայտարարություններ էին ընդունվել այդ շրջանում, սակայն մենք չկարողացանք կապիտալիզացնել եւ հայկական շահերի սպասարկմանը ծառայեցնել ադրբեջանական ագրեսիան արձանագրող բանաձեւերն ու արձանագրումները։

Վերադառնալով բանաձեւին՝ նշենք, որ նախագծի հեղինակները կոչ են արել կառավարությանը՝ քննարկել Արցախում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաեւ բոլոր միջոցներով աջակցություն ցուցաբերել Հայաստանին, մասնավորապես՝ դիտարկելով Հայաստանի պաշտպանունակության հզորացումը՝ նրա տարածքային ամբողջականության ապահովման նպատակով: Բացի այդ, Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվել անհապաղ որեւէ նախաձեռնություն սկսել՝ երաշխավորելու հայ բնակչության ու Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, եւ այդ նպատակով միջդիրքային ուժերի տեղակայում միջազգային հանրության հովանու ներքո: Բանաձեւը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու եւ այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը՝ տեւական խաղաղություն հաստատելու նպատակով: Այստեղ երկու հարց է առաջանում՝ ինչ պետք է հասկանալ «Հայաստանի պաշտպանունակության հզորացմանն» ուղղված քայլեր ասելով, արդյոք դա նշանակում է սպառազինության տրամադրո՞ւմ, կամ զինված ուժերի վերապատրաստման առաջարկությո՞ւն, ինչպես դա արվում է Արեւմուտքի կողմից Ուկրաինայում։ Եվ հաջորդը՝ ո՞ր պետության տարածքում են տեղակայվելու միջազգային ուժերը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի, թե՞ ստեղծվելու է բուֆերային գոտի, եթե այո, ապա կրկին՝ ո՞ւմ հաշվին։ Ի՞նչ կարգավիճակ եւ կազմ են ունենալու միջազգային հանրության հովանու ներքո տեղակայված միջդիրքային ուժերը։ Սրանք երկրորդական հարցեր չեն, քանի որ դրանք Հայաստանի եւ Արցախի անվտանգային միջավայրի մաս են կազմելու։

Ադրբեջանի ագրեսիան սանձելու նպատակով մի շարք իրավական, դիվանագիտական, տնտեսական միջոցներ են առաջարկվում։ Մասնավորապես՝ Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում վճռականորեն աշխատել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիան, ներառյալ զանգվածային հանցագործությունները եւ ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։ Եվրոպացի գործընկերների հետ առաջարկվում է դիտարկել ամենակտրուկ միջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը եւ գազի ու նավթի ներմուծման էմբարգոն։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31