ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական կարգավորումն իրենց համար մնում է առաջնահերթություն:
«Ինչ կարող եք ակնկալել գալիք շաբաթների և ամիսների ընթացքում. ամերիկյան շարունակական ներգրավվածություն, ամերիկյան բարձր մակարդակի շարունակական ներգրավվածություն: Ես դա ասում եմ՝ հաշվի առնելով պետքարտուղարի կողմից նախորդ ամիս Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հետ եռակողմ ձևաչափով հանդիպումը: Դա վերջին բռնկման աճից հետո նախարարների դեմ առ դեմ առաջին հանդիպումն էր: Երեկ դուք տեսաք, որ քարտուղարը հնարավորություն ունեցավ խոսելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Ֆիլ Ռիքերը՝ այս հարցերի շուրջ մեր ավագ խորհրդականը, ամենօրյա կապի մեջ է եղել երկու երկրների առանձին անձանց և շահագրգիռ կողմերի հետ: Այսպիսով, մենք կշարունակենք ներգրավված մնալ այս հարցում: Կոնկրետ արդյունք չեմ կարող խոստանալ, բայց կարող եմ խոստանալ, որ դա մեզ համար առաջնահերթություն է մնալու»,- ասել է Փրայսը։
Նա հավելել է, որ այս պահին չկա որևէ սպասվող հանդիպում, որի մասին կարող է ազդարարել, բայց վստահություն է հայտնել, որ «առաջիկա օրերին և շաբաթներին ավելին կունենանք այս մասին ասելու»։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ