Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ մեր կառավարությանը, որ չկա, չունենք»․ անհետ կորած զինվորի հարազատները ճանապարհ են փակել

Հոկտեմբեր 12,2022 11:12

Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչներն այսօր փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքների վրա հարձակման ժամանակ անհետ կորել է նրանց համագյուղացի Թորոսյանների որդին՝ Վահեն։ Մինչեւ հիմա լուր չունեն, բայց հարձակման օրերին կարողացել են իմանալ, որ տղան վիրավոր է։ Ավելին՝ նա ծառայակցին հայտնել է իր գտնվելու կոնկրետ վայրը, սակայն, հարազատների պնդմամբ, ՊՆ-ն քայլեր չի ձեռնարկում։

«Այնքան անգիտակից են աշխատում, թող գոնե այս հարցում գիտակից լինեն։ Որ իրենց որդիները լինեին, հիմա վաղուց հանել էին։ Բայց ո՞ւմ որդին է ծառայել»,-լաց լինելով ասաց Վահեի մայրը՝ Թորոսյան Եսթերը։ Որդին նրա հետ կապ է հաստատել սեպտեմբերի 13-ին, 14-ին եւ 15-ին․ «Ասաց՝ մամ ջան, լավ եմ, գալու եմ ու քեզ գրկեմ։ Ամեն ինչ պրծավ, գալիս են մեր հետեւից, երկու ժամից «չաստում» լինեմ՝ կզանգեմ․․․ու էլ ոչ մի լուր։ Երկու ժամը դառավ մի ամիս։ Ես ծառայակիցներից եմ իմացել, որ ուսից, գլխից վիրավորվել է։ Գլխինը նոր եմ իմացել, չեն ասել, թաքցրել են։ Իմ երեխայիս եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում»։

Վահեի տատիկն էլ իր հերթին ասաց․ «Սա ի՞նչ պետություն է։ Եթե իրենց երեխան լիներ, այսպես կլինե՞ր։ Գյուղացու երեխան է այսպես լինում»։ Հարազատներից մեկն էլ հավելեց․ «Մրմուռն իրենցը չի, գյուղացիներինն է։ Իրենք առոք փառոք ապրում են։ Իրենցից ո՞ր մեկի երեխան է գնացել դիրքեր։ Մինչեւ ե՞րբ։ Պաշտպանության նախարարը կարո՞ղ է մեզ պատասխան տալ, թե մեր երեխան ինչի է կորել։ Մենք ենք մղկտում, ոչ թե ինքը։ Հայրենիքը մենակ մե՞ր համար է, հողը մենակ մե՞ր համար է։ Հողն իրենց, իսկ տանջանքն ու մահը՝ գյուղացո՞ւն։ Ո՞ր օրենքում է նման բան գրած»։

Ուշագրավ է, որ երբ խոսք գնաց այն մասին, որ բանակցողը երկրի ղեկավարն է, հարազատը բարկացավ․ «Ղեկավարին կերել են արդեն։ Քոչարյանը Սերժի հետ սաղ աշխարհը կերել է, այսօր ջարդել են Նիկոլի վրա։ Մեզ մեր երեխան է պետք»։ Վահեի մայրն էլ հավելեց․ «Ամոթ իրենց, ամոթ մեր կառավարությանը, որ չկա, չունենք։ Անկախ ու անտեր ենք։ Չեն բանակցում։ Որ բանակցեին, մի ամիս անցել է, հիմա հարցին լուծում տված կլինեին։ Մի հատ եկեք իմ տեղն ապրեք։ Իմ, ամուսնուս աչքերի մեջ ո՞նց եք նայելու։ Թող իրենց կանայք գան ու մի ժամ իմ տանը լինեն։ Իմ տղան մինչեւ այս Ներքին Հանդում 15 օր սառը հատակին է քնել, չեմ իմացել, ինքը չի ասել, կողքից եմ իմացել։ Այդպե՞ս են զինվոր պահում»։

Օրերս հարազատները ՊՆ-ի դիմաց բողոքի ցույց էին անում․ նախարարությունից արձագանքել են, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մտնել եւ որոնողական աշխատանքներ անել իր բռնազավթած տարածքներում։ Հարազատներն այսօր ասում էին, որ նախարարությունից խնդրել էին եւս երկու օր տալ․ տվեցին, համբերության բաժակը լցվել է, անգամ կտրուկ քայլերի են դիմելու։

Որոշ ժամանակ անց ճանապարհային ոստիկաններ եկան, ինչը վրդովվեցրեց Վահեի եղբորը․ «Ինչո՞ւ են իրենց ուղարկել, սա իրե՞նց հարցն է, որ ի՞նչ եք եկել։ Այստեղ զինկոմիսարիատի անձնակազմը պետք է լիներ, ոչ թե ոստիկանությունը»։

Եղբայրը նաեւ շեշտեց՝ այսօր հորն ու պապին կանչել են մարզպետարանից․ «Հենց այսօր, որովհետեւ իմացան, որ ճամփա ենք փակելու։ Մի ամիս է՝ սպասում ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31