Ղրիմի կամուրջ վրա տեղի ունեցած պայթյունի գործով, որը Ռուսաստանի իշխանությունները համարում են ահաբեկչություն, ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի:
Ռուսաստանի հատուկ ծառայությունների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Ռուսաստանի 5 և Ուկրաինայի ու Հայաստանի 3 քաղաքացիներ:
Ըստ հատուկ ծառայությունների՝ պայթյունը կազմակերպել են «Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը, դրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցները և լրտեսական ցանցը»:
Նշվում է, որ պայթուցիկ սարքը դեռ օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից ուղարկել են Բուլղարիայի Ռուսե քաղաք, այնտեղից՝ Վրաստանի Փոթի նավահանգիստ, հետո՝ Հայաստան, որտեղ բեռը մաքսազերծել են ԵԱՏՄ կանոններով: Հետո այն Վերին Լարսով ուղարկել են Ռուսաստանի Արմավիր քաղաք, այնտեղից էլ՝ Սիմֆերոպոլ:
Կարդացեք նաև
Բեռնափոխադրման գործում ներգրավված է եղել 1985թ. ծնված Հայաստանի քաղաքացի Թերջանյան Արթուրը: Գործում շոշափվում են նաև Վրաստանի երկու քաղաքացու անուններ, սակայն նրանք ձերբակալվածների մեջ չեն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ