Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե հրապարակված փաստաթուղթն անգամ մասամբ հավաստի է, ապա մեր առջեւ է ՀՀ ազգային շահերի զարհուրելի անկման և հայկականության գործոնի ջախջախման կետերի մի համախումբ». «Հրապարակ»

Հոկտեմբեր 12,2022 10:53

Հոկտեմբերի 10-ին Իսրայելի դիվանագետ, «Նատիվ» ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին իր տելեգրամյան ալիքում հրապարակել է արցախյան հակամարտության կարգավորման գաղտնի փաստաթուղթ, որի շուրջ, ըստ նրա, Երեւանն ու Բաքուն բանակցել են սեպտեմբերի 27-ին՝ Վաշինգտոնում, ինչպես նաեւ Պրահայում՝ Ալիեւ-Էրդողան-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ:

Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը եւ չի պատասխանել, թե արդյոք հենց ա՞յս տեքստն է դրված քննարկման, սակայն նախկին հետախույզ Կեդմիին, որը հաճախ է հրավիրվում կրեմլյան քաղաքագետների կազմակերպած հեռուստաբանավեճերին, կարելի է վստահելի աղբյուր համարել՝ նկատի ունենալով նաեւ նրա լրջագույն փորձառությունը քաղաքական ոլորտում։ Մենք նաեւ պարզեցինք, որ այս փաստաթուղթն օրեր առաջ արդեն տնօրինում էին ՀՀ իշխանությունները:

Եվ այսպես․ ի՞նչ է առաջարկում մեզ Եվրոպայի ու ԱՄՆ-ի «քավորությամբ» ստեղծված այս փաստաթուղթը։ «Ադրբեջանի կառավարությունը կնշանակի ներկայացուցչի, որը կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված նմանատիպ ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների եւ արժեթղթերի վերաբերյալ»․ սա առաջին լարող նախադասությունն է, որով Արցախի Հանրապետության բնակիչներին անվանում են «էթնիկ համայնք», որոնց ճակատագիրը լուծելու են երկու ներկայացուցիչներ՝ Արցախից եւ Ադրբեջանից: Այս թուղթն ընդամենը Ղարաբաղում ապրող փոքրամասնությանն այնտեղից չգնալու հույս է տալիս։ Իսկ ի՞նչ պետք է լինեն ռուս խաղաղապահները, ովքեր մինչեւ 2025 թվականը պետք է մնան շփման գծում՝ այս մասին խոսք չկա։

Երկրորդ սթափեցնող կետը դիտորդի դերի վերանայումն է․ «Կողմերը կշարունակեն վերանայել միջազգային դիտորդի դերը՝ չհակասելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, վստահություն ապահովելու Լեռնային Ղարաբաղում փոքրամասնությունների խմբերի պաշտպանության հարցում»: Այստեղ արդեն արցախցիները դարձան «փոքրամասնության խմբեր»։ Փաստաթղթում չենք հանդիպում «միջանցք» բառին։ Ակնհայտ է, որ փաստաթղթի հեղինակները խուսափել են վիճահարույց «միջանցք» բառից՝ փոխարենը օգտագործելով route բառը, որը նշանակում է ուղի, երթուղի, ճանապարհ։

«Եթե այն անգամ մասամբ հավաստի է, ապա մեր առջեւ է Հայաստանի ազգային շահերի զարհուրելի անկման եւ հայկականության գործոնի ջախջախման կետերի մի համախումբ»,- գրում է հրապարակախոս, ԵՊՀ դասախոս, Դեմկուսի փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31