Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության «սեփական օրակարգը» գնալով նմանվում է Ս. Դեմիրճյանի «մենք գիտենք՝ ինչ անել, ումով անել» բովանդակային փակուղուն․ Վահե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 12,2022 12:50

 Ուժեղացած ընդդիմությունը՝ որպես հակակշիռ անվստահելի իշխանությանը

Իշխանության ցածր որակի և մշտական տապալումների ուղիղ հետևանքն է, որ հասարակությունն իրականությունն այլևս չի ընկալում, շվարած է։ Ստեղծվում է տպավորություն, թե մենք մտովի արդեն հանձնվել ենք՝ անկամք ու անհեռանկար։

Աղետը կանգնեցնելու առաքելությունը մնում է քաղաքական ընդդիմության և գուցե որոշ չափով՝ եկեղեցու վրա։

Սեփական օրակարգի փնտրտուքը 

Ոչիշխանական համակարգն ունի բավարար մարդկային և ինտելեկտուալ ռեսուրս՝ էական փոփոխությունների և այլ անկյունաքարային խնդիրների լուծման համար։ Բայց դրա համար նախ ինքը՝ համակարգը, պետք է փոխվի։ Ըստ իս, դա այս պահին չի ստացվում՝ ձևաչափային և կազմակերպչական անարդյունավետության պատճառով։

Ընդդիմության «սեփական օրակարգը» գնալով նմանվում է Ս. Դեմիրճյանի «մենք գիտենք՝ ինչ անել, ումով անել» բովանդակային փակուղուն։

Իսկ մեր շուրջ և մեր մասին զարգացումները սրընթաց են։ Օրվա ռեժիմով իրավիճակ է փոխվում։ Օրվա ռեժիմով նոր ռիսկեր են ձևավորվում։ Սկսվել է «արտահոսքերի պատերազմ»՝ փաստաթղթերի, փակ բանակցությունների, սպառնալիքների և այլնի։ Ժամանակակից աշխարհում սա շատ լուրջ գործիք է, որը երբեմն ավելի կարևոր և ավելի ազդեցիկ է, քան՝ պաշտոնական հայտարարությունները։ Մենք սրան արձագանքում ենք անհատական մակարդակում, և բացարձակ ձախողում ինստիտուցիոնալ աշխատանքը։ Անհատականը շատ քիչ է, և վիճակ չի փոխելու։

Ինչո՞ւ է պետք  ուժեղ ակտիվ ընդդիմություն

Իսկապես զարգացումները սրընթաց են, օդում կախված է հանգուցալուծման ամպը։ Ոչ ոք չի կարող երաշխավորել որևէ սցենար։ Այս պայմաններում, որպես ինստիտուտ, ընդդիմությունը պետք է դառնա իրավիճակին ադեկվատ։

Ընդդիմությունը պետք է.

  • Ինքը ճիշտ հասկանա զարգացումները։ Սա առաջին կարևոր քայլն է։ Հիմա հայրենասիրությունը ամեն ինչ մերժելը չէ, այլ՝ սեփական լուծումներ առաջարկելը։
  • Օր առաջ սկսել հասարակությանը բացատրել իրավիճակը։ Մարդիկ, նույնիսկ բարձր կրթական ցենզով, չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, համատարած չեն հասկանում, թե ի´նչ ռիսկեր կան «խաղաղ բանակցությունների» և հնարավոր պայմանագրերի մեջ, չեն հասկանում իշխանության կողմից ուղղորդվող հակառուսականության վտանգները։ Անկյունաքարային պահը ընդդիմության՝ ճիշտ ձևակերպումներով հանդես գալն է։ Ընդդիմությունը չի կարող «լռվել» սահմանափակ մերժումների տիրույթում՝ պնդելով՝ ո´չ մի բանակցություն, ո´չ մի զիջում, ո´չ մի լուծում, ո´չ մի թուղթ, ո´չ մի ճանապարհ և այլն։ Դա կոպիտ սխալ է։ Մենք համբերատար պետք է բացատրենք, որ.
  • Խաղաղության պայմանագրից հետո, Ալիևը կարող է գալ իր քարտեզներով և առաջարկել բանակցել Սյունիքի, Սևանի և այլ տարածքների շուրջ։ Չբանակցես՝ քեզ մեղադրելու է «Խաղաղության պայմանագիրը» խախտելու մեջ և ստանա պատերազմելու լեգիտիմ իրավունք։
  • Եվրոպացի դիտորդները ունեն 0-ական նշանակություն։ Նրանք հեռանալու են առաջին իսկ լարվածության դեպքում, բայց մեծ ներվ են առաջացնելու Ռուսաստանի և Իրանի մոտ։
  • Եթե գետնի վրա չեղան խաղաղության իրական մեխանիզմներ թուղթը ունի 0-ական նշանակություն։
  • Արցախը ոչ թե մենակ թողնելու համար է, այլ այն մեր միակ՝ դեռևս հնարավոր լծակներից է՝ արժանապատիվ բանակցելու և ազգային շահերը պաշտպանելու համար։ Հայրենիքի մի մասը թշնամուն հոշոտման տալը դեռևս չի փրկել որևէ ժողովրդի։
  • Ընդգծված և լավ չհաշվարկված արևմտյան կտրուկ տեղաշարժը կարող է էապես նյարդայնացնել Ռուսաստանին և Իրանին՝ զրկելով մեզ մեր միակ իրական անվտանգային երաշխիքից։
  • Ընդդիմությունը պետք է դառնա այնքա´ն ազդեցիկ, որ թե´ արևմուտքում, թե´ Ռուսաստանում, թե´ տարածաշրջանում հասկանան, որ ՄԵԿ հոգին չի կարող պատմական-ճակատագրական միանձնյա որոշումներ կայացնել։
  • Ընդդիմության ուժեղացումը կարևոր է նաև՝ փողոցում անկառավարելի պրոցեսներ, քաոս թույլ չտալու համար։ Բոլորս հասկանում ենք, որ նման սցենար հնարավոր է, ինչը երկրի համար աղետ կլինի։
  • Ընդդիմությունը պետք է լինի այն բովանդակային և աշխատանքային տոնուսում, որ ամեն վայրկյան պատրաստ լինի՝ խոսել խորհրդարանական մեծամասնության և պետական ինստիտուտների հետ։
  • Ընդդիմությունը պետք է այնքան ծանրակշիռ դառնա, որ հակակշռի ՄԵԿ հոգու իշխանությանը։ Եվ պետք է լինի այնքան կազմակերպված, որ ամեն պահի պատրաստ լինի՝ երկրում  օրինական ճանապարհով իշխանություն ձևավորել և պատասխանատվություն վերցնել։ Այստեղ միջին սերնդի դերակատարումը էական է։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31