Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը պատասխան չտա, այս խնդրին անդրադառնալու այլ ճանապարհ կա». ԵԽ գլխավոր քարտուղարը՝ հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առիթով

Հոկտեմբեր 12,2022 10:20

«Ես ողջունում եմ վերջերս ռազմագերիների փոխանակման փաստը»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ի պատասխան ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցի՝ ասաց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչիվոնիչ Բուրիչը։

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը, փաստելով, որ Մարիա Պեյչինոնիչ Բուրիչը շատ լավ գիտի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքների մասին, հայտարարեց․ «Կան արդյունավետ գործիքներ և մեխանիզմներ, որոնք ամրագրված են կոնվենցիայով և կանոնադրությամբ, որպեսզի անդամ երկրներից պահանջեն լիովին կատարել իրենց պարտավորությունները: Ի՞նչն է այս կազմակերպությանը խանգարում նպատակաուղղված և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զսպելու համար, որը հանգեցնում է մարդու իրավունքների կոպիտ խախտումների և այն մարդկանց տառապանքների, որոնք գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանության ներքո»։

ԵԽ գլխավոր քարտուղարն էլ փաստեց՝ որոշ հայտարարություններ է արել հակամարտությունների վերաբերյալ և դրանց սրման տարբեր փուլերում ու շարունակեց․ «Նաև Եվրոպայի խորհրդի մեր մյուս մարմիններն են արձագանքել տարբեր մակարդակներով, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ Եվրոպական դատարանը՝ միջանկյալ միջոց կիրառելով և խնդրելով, որպեսզի պատերազմի ռազմագերիները փոխանակվեն»։

ԵԽ գլխավոր քարտուղարը, հղում կատարելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկություններին, նշեց․ «Մարդու իրավունքների հանձնակատարը հստակ առաջարկություններ է արել իր տեսանկյունից մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վերաբերյալ, ուստի ես կարող եմ միայն համաձայնել այս առումով նրա հայտարարությունների հետ։ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստերը պետք է շատ ողջունելի լինեն բոլոր ազատազրկվածների համար։ Ես ողջունում եմ վերջերս ռազմագերիների փոխանակման փաստը։ Ես նաև ողջունում եմ բարձր մակարդակով հանդիպումները և քաջալերում դրանց անցկացումը։ Իրականում որոշ հանդիպումներ եղան վերջերս։ Սա իրականում այն է, ինչ մենք միշտ խնդրում ենք մեր անդամ երկրներից, որոնք, միանալով մեր կազմակերպությանը, պարտավորվում էին լուծել իրենց ունեցած խնդիրները խաղաղ ճանապարհով»։

Խոսելով մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների, բռնությունների և վայրագությունների մասին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ, Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ասաց․ «Մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումները, ներառյալ վատ վերաբերմունքի և արտադատական սպանությունների մասին պնդումները, անկասկած, մեծ անհանգստության աղբյուր են և պետք է հետաքննվեն իրավասու մարմինների կողմից, ինչպես պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Ինչ վերաբերում է այն տեսանյութին, որն իմ ուշադրության ներքո է, ես Ադրբեջանին խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ինչպես են պատրաստվում վերաբերվել վերջերս տեղի ունեցած՝ մարդու իրավունքների ենթադրյալ կոպիտ խախտումներին: Եթե Ադրբեջանը պատասխան չտա, ես կարծում եմ՝ այս խնդրին անդրադառնալու այլ ճանապարհ կա: Այս պահին ես իսկապես անհամբեր սպասում եմ ադրբեջանական կողմից մարդու իրավունքների այս ենթադրյալ կոպիտ խախտումների վերաբերյալ պատասխաններին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31