Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՍԴ-ն խուսափեց ՏԱ եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքների վիճարկվող հոդվածները քննել

Հոկտեմբեր 12,2022 14:30

Ազգային անվտանգության մարմինները, վկայակոչելով «պետական գաղտնիք»-ին վերաբերող դրույթները, մերժում են անձին՝ իր վերաբերյալ ցանկացած տեղեկատվության տրամադրումը՝ հղում կատարելով դրանց՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքին: Իսկ տեղեկություն տրամադրելը մերժելն անձին հնարավորություն չի ընձեռում իմանալու տվյալ պետական մարմնի մոտ իր մասին տեղեկության ծավալները, այն հավաքագրելու եւ պահելու նպատակը, իրավաչափությունը, շրջանակը, վիճարկելու պետական մարմնի կողմից տեղեկության ստացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի իրավաչափությունը:

Սահմանադրական դատարանը վերջերս աշխատակարգային որոշմամբ մերժել է Լեւոն Բարսեղյանի դիմումի հիման վրա՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը: Դիմողը հայտնել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումն այնքանով, որքանով չի նախատեսում բացառություն՝ տեղեկությունն այն անձին տրամադրելու մասով, որի վերաբերյալ հավաքագրվել է, ինչպես նաեւ չի նախատեսում բացառություն պետական գաղտնիք կազմող տեղեկությունները հասանելի դառնալու հետ կապված այն դեպքում, երբ դրա տարածումը վտանգ չի ներկայացնում պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է: Իսկ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի սահմանում բացառություններ եւ կոնկրետացնում անձի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում ձեռք բերված բոլոր տվյալները, առանց որեւէ բացառության, համարում է «պետական գաղտնիք», հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաեւ անձի՝ իր վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքին: Ստացվում է, ըստ դիմողի, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից անձանց վերաբերյալ ձեռք բերված ցանկացած տվյալ ինքնաբերաբար համարվում է օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալ:

Եթե նման պարագայում այդ մարմնի գործունեությունը՝ անձանց վերաբերյալ տվյալներ հավաքելու իրավաչափության եւ նպատակային լինելու տեսանկյունից չի վերահսկվում, դառնում է կամայական եւ անկառավարելի, արդյունքում հնարավոր է դառնում տվյալների՝ ոչ թե ըստ անհրաժեշտության, այլ մշտապես հավաքագրումը, ինչը, դիմողի գնահատմամբ. «ստվերում է օպերատիվ հետախուզական եղանակով անձի վերաբերյալ տվյալներ հավաքագրելու իրական եւ անհրաժեշտ դեպքերը եւ շեղում Ծառայությանը իր բուն նպատակային գործունեությունից»: Ազգային անվտանգության մարմնի մոտ առկա՝ անձի վերաբերյալ ցանկացած տեղեկության՝ միանշանակ պետական գաղտնիք համարելը եւ անձին չտրամադրելը, ըստ դիմողի, հակասում է Սահմանադրության 31, 42 եւ 51-րդ հոդվածներին:

Սահմանադրական դատարանը չնայած կարդացել էր օգոստոսի մեկին ՍԴ ուղարկված դիմումը, որում նշված էին, թե որ հոդվածներն են խախտվել, արձանագրել էր. «Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, եւ ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաեւ իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի եւ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը»: Ըստ ՍԴ աշխատակարգային որոշման՝ «Սահմանադրությամբ ամրագրված տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակումներն իրավաչափ են, եթե սահմանափակումների հիմքում ընկած է հանրային շահի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31