Երբ հայրենազրկում են քեզ, ոչ մի մխիթարանք չկա եւ կորստի ցավը շատ մեծ է։ Մտքիդ միակ լույսը կարող է լինել այն, որ երբեւէ հայրենիքդ ամբողջությամբ ազատագրված կտեսնես գերությունից։
Մեր օրերի հայրենազրկումը նման չէ հայրենազրկմանը իր դասական իմաստով, այլ՝ ավելի շատ հայրենանվիրատվություն է։ Դա այն է, երբ դու ինքդ կամավոր հայրենիքդ, կամ դրա մի հատվածը հանձնում ես թշնամուդ։ Դա նույնն է, երբ չես պայքարում, չես պատերազմում հայրենիքիդ համար թշնամուդ դեմ եւ քո ներուժն ու սպառազինությունը նպատակային թուլացնում, քայքայում ես այդ նպատակին հասնելու համար։ Այս դեպքում ոչ մի մխիթարանք եւ լույսի արահետ չի կարող լինել եւ անթափանց խավարը պատում է հոգիդ։
Դավաճանությունը Քրեական օրենսգրքի միգուցե ոչ սովորական հոդված է, սակայն այն ունի իր լուծումը։ Բավական է դավաճանին պատժել իր հասանելիք պատժաչափով՝ վերականգնման հույսը նորից կբացվի։
Ուրիշ է ինքնահայրենազրկումը, այն շատ ավելի բարդ է, վերականգնումը` անհույս։ Ինքնահայրենազրկում նշանակում է մարդու, ազգի եւ հայրենիքի օտարում միմյանցից, ինչի պարագայում լույսի հույս չես ունենա, քանզի ինքդ ես տրվել դավաճանությանը ու դավաճանել քո արմատներին, մուտացվել։ Նման կյանքով ապրելը քեզ դուր է եկել, սատանայի գրոշները քեզ համար դարձրել ես ապրուստ, դրանցով ապրելը` ապրելակերպ։ Ինքդ քո էության հանդեպ դավաճանությունը դարձրել ես կյանքի նորմ։ Ինչպես բժիշկները կասեին` այս հոգեբանական պաթոլոգիան հասարակներից չէ, դրա դեմ պայքարը երկար ժամանակ եւ միջոցներ կպահանջի, սակայն անհնար չէ։ Պահանջվում է համախմբող գեների եւ ազգի էլիտայի հետեւողական, համախմբված եւ աննահանջ պայքար, հարկավոր է խոսքից անցնել գործի։ Դավաճանած թափոնին ուշադրություն պետք չէ դարձնել, նրա հարցը Աստված կլուծի, նա է կրծող ցավի վարակագիրը, հեռու մնա նրանից, թող ինքը իր ցավի մեջ կորսվի։
Կարդացեք նաև
Հայրենիք կորցնելը հասարակ բան չէ, բայց հուսա, որ այն մի օր նորից կտեսնես ազատագրված, հուսա եւ կլինի։ Նաիրին կորսվող կամ գերեվարված մնացող երկիր չէ, այն երկիր դրախտավայրն է եւ երբեւէ իր մասին կհայտնի նորից, վերստին կծառայեցվի իր բուն նպատակին։
Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ
Իրավապաշտպան
«Առավոտ» օրաթերթ
11.10.2022