Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ստելմաշովան իբրեւ իր իմպրեսարիո պատկերացնում է մաեստրո Դուրգարյանին

Հոկտեմբեր 12,2022 13:00

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ դաշնակահարուհի, մեր հայրենակցուհի (Վրաստան) Անահիտ Ստելմաշովայի մենահամերգը՝ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ։ Դիրիժորական վահանակի մոտ էր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը։ Սովորաբար նույն երեկոյի ընթացքում երկու ծավալուն ստեղծագործություն՝ կոնցերտ, չի կատարվում, սակայն պատանի դաշնակահարուհու ոչ միայն տաղանդի, այլեւ, ինչու ոչ՝ խիզախման դրսեւորում էր մեկնաբանել Ֆերենց Լիստի եւ Կամիլ Սեն-Սանսի դաշնամուրային 2-րդ կոնցերտները, մանավանդ որ, համաշխարհային դաշնամուրային գրականության այս ստեղծագործությունները քաջածանոթ են ոչ միայն մասնագետներին, այլեւ դասական երաժշտության երկրպագուներին։

Լիստը, որն այս կոնցերտը գրել է 1840թ., այնուհետեւ շուրջ 20 տարի ժամանակ առ ժամանակ անդրադարձել է դրան եւ խմբագրել։ Ի վերջո պրեմիերան կայացել է Լիստի ղեկավարությամբ, 1861թ.։ Շուրջ 25 րոպե տեւողությամբ այս ստեղծագործության կատարումից հետո դաշնակահարուհուն, դիրիժորին եւ նվագախմբին ուղղված ծափերի տեւողությունը կարծես ավելի երկարատեւ էր։ Այս մասին կատակում էին հանդիսատեսներից ոմանք։ Սեն-Սանսի կոնցերտի կատարումից հետո էլ արձագանքը գրեթե նույնն էր։ Այս անգամ մասնագետներից մեկ-երկուսը մտաբերեցին, որ հեղինակը կոնցերտը գրել է 17 օրում (1868թ.) եւ նույն թվին իր իսկ մեկնաբանությամբ կոնցերտի պրեմիերայից հետո գոհ չէր սեփական մեկնաբանությունից։ Մեր ականջին հասած հավանաբար մասնագետների խոսքը՝ բրավո, Անահիտ, եթե չիմանայինք տարիքդ կամ չտեսնեինք քեզ, կմտածեինք՝ հայտնի դաշնակահարուհու մեկնաբանություն ենք լսել։ Իսկ 16-ամյա դաշնակահարուհին արդեն ունի ներկայանալի բեմական կենսագրություն. Վրաստանում կայացած մրցույթներից բացի, նա մասնակցել է նաեւ հայաստանյան նման միջոցառումների, հասցրել է մենահամերգներով հանդես գալ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում։

Ընդամենը մեկ-երկու օրինակ բերենք. բեմ է բարձրացել Քարնեգի հոլլում, Մոսկվայում՝ Սվետլանովի անվան նվագախմբի հետ եւ այլն։ Հարուստ է նաեւ դաշնակահարուհու մասնակցությունը միջազգային մրցույթներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած, որտեղ արժանացել է Գրան պրիի, Իտալիայում՝ Ռոսինիի անվան մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը եւ այլն։ Հատուկ մրցանակ է ստացել երեւանյան Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթում, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Հախնազարյանի կողմից։ Դաշնակահարուհու ձեռքբերումներից են նաեւ հանդիսատեսի համակրանքի եւ արտիստիզմի համար մրցանակները, ինչպես նաեւ Թուրքիայում անցկացված Future Stars մրցույթում հայ դաշնակահարուհուն շնորհված հատուկ մրցանակը արտիստիզմի համար։

Չենք կարծում, որ գտնվի մի երաժիշտ, որն այս տարիքում արդեն ունենա իրեն նվիրված վավերագրական ֆիլմ։ Մինչեւ համավարակի բռնկումը Թբիլիսիում տեղի է ունեցել «Postindustrial kids» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված մեր հայրենակցուհու կյանքին եւ ստեղծագործությանը։ Մի բան էլ, որը, հաստատ, չենք հանդիպում. Շվեյցարիայում կայացած WEF միջազգային տնտեսագիտական համահավաքի շրջանակներում հանրահայտ Caspian week կոնֆերանսի ժամանակ հայուհին ներկայացրել է վրացական մշակույթը, ընդ որում՝ այդ կոնֆերանսում քննարկման մոդերատոր էր ռուսական «Շչելկունչիկ» հեռուստամրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Նիկիտինան, որի հրավերով էր Անահիտը հայտնվել այնտեղ, իսկ տիկինը հայուհուն ծանոթ էր հեռուստամրցույթից, որտեղ նա ժամանակին արժանացել էր «Արծաթե Շչելկունչիկի»։

Կադրեր դաշնակահարու երևանյան ելույթից

Կայացած համերգից հետո մեզ հետ զրույցում հետաքրքրությանն ի պատասխան՝ Անահիտ Ստելմաշովան հայտնեց, որ մայրը նույնպես դաշնակահարուհի է՝ աշխատում է երաժշտական դպրոցում, հետո էլ առանձին հպարտությամբ նշեց, որ պապիկի մայրը՝ մասնագիտությամբ դարձյալ դաշնակահարուհի, շա՜տ երկար տարիներ երաժշտական դպրոց է ղեկավարել, հավանաբար ցանկանալով ընդգծել, որ երաժշտության հանդեպ իր սերը գալիս է արմատներից։ Իսկ թե ինչու միջազգային մրցույթներում տաղանդավոր երաժշտին չի նկատել եւ ոչ մի իմպրեսարիո, մեր զրուցակիցն ասաց, որ երկու առաջարկ ստացել է՝ Ռուսաստանից եւ Վրաստանից, բայց ժպիտով էլ հավելեց, թե ինքը բծախնդիր է ու կարճատեւ շփումից հետո իմպրեսարիոներին մերժել է։ Հետո ավելացրեց, թե ինքը նախատեսել է մեկին, բայց դեռ չի համարձակվում դիմել նրան։ Որոշ ժամանակ անց «խոստովանեց», որ նկատի ունի մաեստրո Դուրգարյանին, որի ղեկավարությամբ «Գայանե» բալետը դիտել էր մեր օպերային թատրոնում, շուրջ վեց ամիս առաջ եւ այդ օրվանից մտածել է դրա մասին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31